Ադրբեջանը ռազմագերիների դեմ հարուցված քրեական գործերն օգտագործում է հետագայում Հայաստանին ահաբեկչության մեջ մեղադրելու համար։ Այս մասին Սիվիլնեթի տաղավարում Բաքվում պահվող հայ գերիների հիմնախնդրի շուրջ քննարկման ժամանակ հայտարարել է միջազգային իրավունքի մասնագետ, «ELL PARTNERSHIP»-ի հիմնադիր-գործընկեր Տարոն Սիմոնյանը։
Փորձագետը փաստել է, որ աշխարհահռչակ բարերար, գործարար, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված «գործը» բաղկացած է ավելի քան 3300 էջից։
Փորձագետի ընդգծմամբ՝ թեև դատավարությունները ձևականորեն ընթանում են առանձին անձանց դեմ, իրականում դրանցով հիմք է նախապատրաստվում հետագայում Հայաստանի դեմ իրավական գրոհ սկսելու համար։ Ամբողջ մեղադրանքը հենված է այն թեզի վրա, թե Արցախն իբր «Հայաստանից ֆինանսավորվող ահաբեկչական կառույց է», ու մեղադրյալներն էլ ներկայացվում են հենց այս լույսի ներքո։ Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի գործի հարյուրավոր էջեր վերաբերում են 1980-ականների վերջից մինչև 1990-ականների վերջի իրադարձություններին, որոնք ներկայացված են որպես մեկ միասնական հանցավոր խմբավորման գործողություններ։ Ակնհայտ է, որ սրանով փորձ է արվում ահաբեկչական կազմակերպության անդամ պիտակավորել Արցախի կառավարմանը մասնակցած յուրաքանչյուր պաշտոնյայի և անգամ ընտրություններին մասնակցած սովորական քաղաքացիներին։
Իրավաբանի խոսքով՝ այս ամենն արվում է հետագայում պնդելու համար, թե Հայաստանն Արցախն օգտագործել է որպես ահաբեկչական գործիք։ Սիմոնյանը նշել է նաև, որ «գործը» լի է ինչպես իրավական, այնպես էլ տեխնիկական կոպիտ խախտումներով։ Օրինակ՝ նախկինում երբևէ չդատված մարդուն որակել են որպես «ռեցիդիվիստ», կամ մեղադրանքն առաջադրել են մի հոդվածով, իսկ դատարանի որոշումը կայացրել՝ բոլորովին այլ։





