Ռուզաննա Ստեփանյանը գրում է․
Սեպտեմբերի 27-ը հազարավոր հայ ընտանիքների համար պարզապես օրացուցային օր չէ։ Դա մեր ժողովրդի ամենածանր հիշողությունների, որդեկորույս մայրերի և մեր ազգային ողբերգության հետ կապված օր է։
Հանրային հեռուստաընկերությունն իր իսկ հայտարարությամբ ընդունում է, որ այդ օրը եթեր հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր և ամբողջությամբ պատասխանատվություն է ստանձնում տեղի ունեցածի համար։
Բայց պատասխանատվությունը միայն ներողություն խնդրելը չէ։
Հասարակությունն իրավունք ունի իմանալու՝ ո՞վ է կայացրել այդ որոշումը, ո՞վ է պատասխանատու եղել եթերի բովանդակության համար, և ի՞նչ կոնկրետ հետևանքներ են լինելու պատասխանատուների նկատմամբ։
Եթե պաշտոնյաներն ու ղեկավարները միլիոնավոր դրամների վարձատրություն են ստանում հանրային միջոցներից, ապա նրանցից պահանջվում է ոչ միայն աշխատել, այլև պատասխանատվություն կրել իրենց որոշումների համար։
Հանրային վստահությունը վերականգնվում է ոչ թե ձևական ներողությամբ, այլ հստակ պատասխաններով և իրական պատասխանատվությամբ։
Սեպտեմբերի 27-ը հարգանքի, հիշողության և լռության օր է հազարավոր ընտանիքների համար։ Այդ հիշողության նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի առավելագույն պատասխանատու։ Հանրությունը պետք է տեսնի աշխատանքից ազատված կոնկրետ մարկանց, որոնք պիտի իրավական պատասխանատվության ենթարկվեն։
Նշենք, որ հայտարարություն է տարածել Հանրային հեռուստաընկերությունը՝ ասելով.
«Հարգելի՛ հեռուստադիտողներ,
Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։
Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։
Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։
Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»:





