Խաղաղության հասնելու ճանապարհին կենսականորեն կարևոր է բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջինը հայ գերիների շտապ և անվտանգ վերադարձն է։ Այս մասին հունվարի 23-ին Երևանում
«Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նշեց, որ խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, սակայն քննարկվող հոդվածների մեծ մասը համաձայնեցված է։ Նրա խոսքով, Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթը, այլեւ մնացած խնդիրների վերաբերյալ հարցերի պատասխաններ տալ։ Սիմոնյանը ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը մինչև այժմ չի արձագանքել այս առաջարկներին։
Նա հավելել է, որ չնայած անվտանգության ոլորտում մարտահրավերներին, Հայաստանը ուղիներ է փնտրում հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է Հայաստանը, ուղղված է բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը` հիմնված պետությունների ինքնիշխանության, իրենց տարածքներով անցնող ենթակառուցվածքների իրավասության, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը։