ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենական պատերազմի հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին իր ելույթի ժամանակ անդրադարձավ նաև Հայաստանի հետ փոխհարաբերություններին:
Պուտինը առաջարկեց հանրահավաք անել ու այդպես պարզել` արդյոք հայ ժողովուրդն ուզո՞ւմ է գնալ Եվրամիություն, թե՞ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում և եթե պարզվի, որ հայ ժողովուրդն ուզում է գնալ ԵՄ, ապա իրենք քաղաքակիրթ «ապահարզանի» տարբերակ կառաջարկեն:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն, անդրադառնալով Պուտինի այդ հայտարարությանը, նշում է, որ Ռուսաստանի նախագահն ակնարկեց, որ իրենք կարող են հեռանալ տարածաշրջանից եւ դա հայ ժողովրդի որոշումը պետք է լինի։ Սակայն, հասկանալու համար, թե դրան ինչ է հաջորդելու, հեռուն գնալ պետք չէ, պետք է պարզապես նայել պատմությանը: «Ովքեր են լրացնելու աշխարաքաղաքական առումով դատարկված տարածաշրջանը։ Պետք է ուղղակի հիշել, թե ինչ է եղել մինչև ռուսների գալը։
16-րդ դարից սկսած Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայիս տարածքը եղել է Օսմանյան կայսրության եւ Պարսկաստանի մրցակցության վայր, եւ հիմնական պատերազմներն ընթանում էին Երևանի բերդի համար, որը հենց դրա համար էր կառուցվել։ Այդ պատերազմներում հիմնական զոհերն ու տեղահանությունների մատերիալը հայերն էին։ Սա է նորից կրկնվելու, իսկ Արևմուտքի համար հայերը կիսելու են քրդերի ճակատագիրը, որոնց օգտագործում են եւ քցում, քցում են ու օգտագործում»,- նշում է Դանիելյանը:
Քաղաքագետ Հակոբ Բադալյանն էլ կարծում է, որ Պուտինի հայտարարությունները նշանակում են մի բան՝ Նիկոլ Փաշինյանն իր վերընտրության համար Ռուսաստանին վճարելու է շատ բարձր գին, բայց Հայաստանի հաշվին: «Պուտինն այդ կոշտ հայտարարությունները հրապարակային անում է երկու պատճառով, նախ գինը բարձրացնելու համար, երբ տեսնում է, որ մյուս ուժային կենտրոններն էլ են սահմանել բարձր գին ու եկել դրա հետևից: Երկրորդ պատճառն այն է, որպեսզի այդ պրոցեսին «վկա» լինի նաև հայ հանրությունը: Դրա նպատակը թերեւս այն է, որ հետո Նիկոլ Փաշինյանը չունենա ինֆորմացիոն-քարոզչական մանպուլյացիայի մեծ դաշտ: Միեւնույն ժամանակ, այդ հայտարարություններով ՌԴ նախագահը՝ մի կողմից բարձրացնելով գինը, մյուս կողմից նվազեցնելով Փաշինյանի մանևրի դաշտը, զուգահեռ նաև նրան տալիս է նախընտրական քարոզչության հակառուսական բաղադրիչը խաղարկելու «քարտ-բլանշ»,- շեշտում է Բադալյանը:
Քաղաքագետը զգուշացնում է, որ այսպիսի զարգացումներով, եթե 2026 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո Նիկոլ Փաշինյանը պահի իր իշխանությունը, ապա դա Հայաստանը վերածելու է «գուբերնիայի», և ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՄՆ-ի, Եվրոպայի, Թուրքիայի, Չինաստանի, Իրանի, այսինքն, Հայաստանը դառնալու է մի երկիր, որտեղ որոշումներ կայացնելու են մի շարք ուժեղ խաղացողներ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով՝ խաչակնքվող շահեր, իրար հակասող շահեր և այլն:
«Երբ իշխանություն պահելը դառնում է ինքնանպատակ՝ այնպիսի պետությունում, ինչպես Հայաստանը, պետության համար վերը նշածս ճակատագիրը դառնում է անխուսափելի: Եվ Հայաստանը «գուբերնիա» կամ «աշխարհաքաղաքական կոնսորցիում» չդարձնելու համար, Հայաստանին պետք է նվազագույնը՝ իշխանափոխություն, որի հիման վրա նաեւ՝ իրավիճակի որակական փոփոխություն: Ընտրական պրոցեսը դա անելու հնարավորություն է, որը բաց թողնելը կարող է լինել աններելի: Կրկնեմ, այստեղ բացարձակ չկա էմոցիոնալ բաղադրիչ: Սա քաղաքական իրավիճակն է, որից հանրային ուշադրությունը հենց փորձում են շեղել էմոցիոնալ-հռչակագրային բնույթի ճառասացությամբ՝ ինքնիշխանության, «իրական Հայաստանի», «խաղաղության» եւ այլնի մասին»,- շեշտեց Հակոբ Բադալյանը:





