«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ իշխանությունների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացվել են զգալի չափերի հարկային պահանջներ՝ ներառյալ հարկերը, տույժերն ու տուգանքները։ Խոսքը վերաբերում է ինչպես եկեղեցական մոմերի արտադրության համար օգտագործվող պարաֆինի ավելացված արժեքի հարկին, այնպես էլ Մայր Աթոռին պատկանող որոշ անշարժ գույքերի հարկային պարտավորություններին։
«Հատկանշական է, որ նշված պահանջները, ըստ առկա տեղեկությունների, ներկայացվել են առանց անհրաժեշտ իրավական հստակեցումների, գույքի եւ ապրանքների փաստացի նշանակության պատշաճ ուսումնասիրման, ինչպես նաեւ՝ դրանց եկեղեցական եւ ծիսական գործառույթի լիարժեք գնահատման։ Արդյունքում, հարկային մարմինների կողմից կիրառվել են ոչ միայն հարկային պարտավորություններ, այլեւ զգալի տույժեր եւ տուգանքներ։
Մասնավորապես, մեր տեղեկություններով, Մայր Աթոռին ներկայացվել է շուրջ 220 միլիոն ՀՀ դրամի պահանջ՝ պարաֆինի ԱԱՀ-ի, ինչպես նաեւ դրա հետ կապված տույժերի եւ տուգանքների մասով։ Մայր Աթոռը նշված գումարն արդեն վճարել է՝ հետագա բացասական հետեւանքներից խուսափելու նպատակով։
Միաժամանակ, բաց է մնում այն հարցը, թե ինչու է հարկման ենթարկվում պարաֆինը, եթե այն օգտագործվում է բացառապես ծիսական նշանակություն ունեցող արտադրանքի՝ եկեղեցական մոմերի արտադրման համար։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծիսական կյանքում մոմն ունի առանձնահատուկ նշանակություն, եւ դրա արտադրության համար անհրաժեշտ հումքի հարկման հարցը դժվար է դիտարկել միայն սովորական տնտեսական գործունեության շրջանակում»,-գրել է թերթը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։





