Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթի ինքնավար մարզում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 95-ի, 130-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր 53 զոհի և 62 վիրավորի մասին։
Այսօր` տեղական ժամանակով 09։05-ին (Երևանի ժամանակով 5.05-ին), Տիբեթի ինքնավար մարզի Շիգաձե շրջանի Տինգրի գավառում օջախի 10 կմ խորությամբ, 6.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնից 20 կմ շառավղով 3 ավան և 27 գյուղ կա, որտեղ շուրջ 6,9 հազար մարդ է բնակվում։ Երկրաշարժից հետո սեյսմոլոգները 49 հետցնցում են արձանագրել։