Search
Close this search box.

ԵՄ պատվիրակությունը ժամանել է Երեւան ՀՀ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների համար

ԵՄ պատվիրակությունը ժամանել է Երեւան ՀՀ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման բանակցությունների պլանի մշակման համար։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նոյեմբերի 5-ին ասել է արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այս տարին աննախադեպ էր Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգի առաջմղման իմաստով։ Փոխնախարարը նշել է տարբեր ոլորտներում ձեռք բերված բազմաթիվ ձեռքբերումների մասին։ Օրինակ, խոսքը վերաբերում է Հայաստան-Եվրոպոլ եւ Հայաստան-Եվրոյուստ պայմանագրերին։

«Սկսվել է երկխոսություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար եվրոպական վիզաների ազատականացման վերաբերյալ։ Եվրամիության պատվիրակությունը նոյեմբերի 5-6-ին կգտնվի Երեւանում։ Նրանց նպատակն է համապատասխան բանակցային ծրագրի մշակումը»,- ասել է Հովհաննիսյանը։

Ավարտվում է նաեւ աշխատանքը Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագծի ուղղությամբ։

«Այս բոլոր քայլերը, իհարկե, իրենց ազդեցությունը կունենան 2025թ. նախատեսված աշխատանքների վրա»,- ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։