Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ երևանյան գագաթնաժողովն աչքի ընկավ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու արժանի որակի հնչեցված քաղաքական ապատեղեկատվության, եթե ոչ ստի առումով։ Ռեկորդակիրները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիևն էին։ Ֆրանսիայի պետության պատմության մեջ ցածր վարկանիշ ունեցող նախագահը, որի հրաժարականը բազմիցս պահանջել են Ֆրանսիայի քաղաքացիները, և որն արդեն հայտարարել է, որ 2027 թ․ հեռանալու է, հայտարարեց․ թե «եկեք ազնիվ լինենք՝ 8 տարի առաջ ոչ ոք այստեղ ( իմա՝ Երևան) չէր գա ․․․․որովհետև 8 տարի առաջ այս երկիրը սեղանի շուրջ նստած բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ»։ Այնուհետև, ըստ Մակրոնի, «Նիկոլը թավշյա հեղափոխությամբ որոշեց պաշտպանել իր երկիրը Ռուսաստանից»։ Փաստորեն, համաձայն Ֆրանսիայի նախագահի՝ թավշյա հեղափոխության հիմնական նպատակն ու հետևանքը Ռուսաստանից Հայաստանը պաշտպանելն էր, ըստ ամենայնի Ադրբեջանից ու Թուրքիայից պաշտպանելը բնավ նպատակ չէր, դրա համար էլ կապիտուլյացիայի գնաց Փաշինյանը, այսօր էլ շարունակում է պատրաստակամ կատարել Ալիևի բոլոր ապօրինի պահանջները՝ դա ներկայացնելով որպես խաղաղության հասնելու միակ հնարավոր ճանապարհ։ Բայց այստեղ ամենակարևոր Մակրոնի հիշողության զարմանալի կորուստն էր․ Հայաստան այցելել են Համալիրի սեղանի շուրջ նստած բոլոր պետությունների ղեկավարներն ու պատվիրակությունները, ամենից առաջ ֆրանսիայի ազդեցիկ նախագահները՝ Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը, որոնք տպավորված էին Հայաստանից բացվող Արարատի պատկերով։ Իսկ 2015 թ․ դեկտեմբերի 7-ից սկսվեց և ապա հաջողությամբ ավարտվեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը։ Գործում էր Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը, Հայաստանի և Արցախի ղեկավարության հետ բանակցում և հանդիպում էին թե՛ համանախագահ պետությունների ներկայացուցիչները, ղեկավարները, թե՛ եվրոպական առաջատար բոլոր պետությունների առաջնորդները կամ պատվիրակները։ Սա է ճշմարտությունը։ Մակրոնից հետ չմնաց համաժողովին տեսակապով միացած Իլհամ Ալիևը, նա քննադատության իր ողջ զայրույթը հեղեց Եվրոպական խորհրդարանի վրա, որը դատապարտել էր Արցախի հայաթափումը, Արցախում հայկական ժառանգության ոչնչացումը և հայ ռազմագերիների խոշտանգումները՝ պահանջելով արցախահայության իրավունքների վերականգնում միջազգային երաշխիքների ներքո։ Ի պատասխան այս արդարացի և միջազգային իրավունքի վրա հիմնված պահանջների՝ Իլհամ Ալիևը հերթական զրպարտչական ստերը հրապարակեց, թե իր ղեկավարած Ադրբեջանն անձամբ կատարել է ՄԱԿ-ի բանաձևերի պահանջները՝ փաստացի բռնազավթելով և էթնիկ զտման ենթարկելով Արցախի բնիկ հայությանը։ Այնինչ դիվանագիտության հետ առնչված յուրաքանյուր ոք գիտե, որ ՄԱԿ ոչ մի բանաձև չկա, որտեղ Հայաստանը ճանաչվել է ագրեսոր և պահանջել Արցախի հանձնում ցեղասպան Ադրբեջանին, ընդհակառակը՝ կան բանաձևեր, որոնք Ադրբեջանից պահանջում են դուրս քաշել իր զինված ուժերը Մարտակերտի շրջանից։ Ցավոք, Ալիևի զրպարտչական ստերին արձագանքեց ոչ թե Ալիևին ողջունող ՀՀ վարչապետը, այլ միայն Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, որը պնդեց, որ իրենք երբեք չեն փոխի իրենց աշխատակարգը և դիրքորոշումները, որոնք որդեգրել են։ Օ ժամանակներ, օ բարքեր․․․․
Նարինե Դիլբարյան





