Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը Արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:
Բելառուսի ԱԳՆ-ն նախընտրական պոպուլիզմ է որակել Ալեն Սիմոնյանի վերջերս արած հայտարարությունը, որում նա Բելառուսը բնութագրել էր որպես ոչ ինքնուրույն պետություն։ Ըստ գերատեսչության. «խորհրդարանի խոսնակի խոսքերը սեփական ընտրազանգվածի ուշադրությունը ներքին բարդ խնդիրներից շեղելու փորձ են»։
Մամուլի քարտուղար Ռուսլան Վարանկովը նշել է. «Երբ աղքատությունը գերազանցում է սահմանաչափը՝ արդեն անցնելով 40 տոկոսի շեմը, գործազրկությունն աճում է, իսկ ամբողջական տարածաշրջաններ լճանում են, ամենահեշտն է «արտաքին թշնամի» նշանակելն ու վիրավորական պիտակներ կպցնելու մեջ վարժվելը»։
Դիվանագիտական կառույցում ափսոսանք են հայտնել Հայաստանի ղեկավարության նման մոտեցման համար՝ շեշտելով, որ Բելառուսն ինքնիշխան է և ինքնուրույն է ձևավորում Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ «Մենք հպարտանում ենք այդ համագործակցությամբ և թույլ չենք տա որևէ մեկին մեզ դասեր տալ»,- հայտարարել է Վարանկովը։
ԱԳՆ-ն նաև կարծիք է հայտնել, որ Երևանի արևմտամետ քաղաքականությունը հանգեցրել է տնտեսական անկայունության, դեպոպուլյացիայի և արտաքին կախվածության։ Նշվել է, որ Մինսկը տարանջատում է «եղբայրական հայ ժողովրդին և նրա իշխանության կարճատես ներկայացուցիչներին»՝ հույս հայտնելով, որ «Հայաստանի ղեկավարությունը հետագայում կվերադառնա կառուցողական երկխոսության»։
Թեմաներ:





