Եվրոպական միությանն անդամակցությանը պատրաստվելու համար Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Այդ գործընթացը ենթադրում է ոչ միայն օրենսդրական փոփոխություններ, այլև մտածողության ու եվրոպական արժեքների նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Խաչատուրյանը չեխ պաշտոնյաներին ներկայացրել է նաև Հայաստանի գնահատականը, որ ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ ու հետևողական աշխատանք իրականացնել։
«Ես նրանց կոնկրետ ներկայացրել եմ, որ հասկանում եմ՝ մեզ համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Մենք պետք է երկարաժամկետ տրամադրվենք, որպեսզի գա այն օրը, երբ պատրաստ կլինենք ասել, որ իսկապես արդեն պատրաստ ենք դառնալու Եվրամիության անդամ, և հնարավոր կլինի քննարկել մեր հարցը»,- նշել է նա։
Նախագահի խոսքով՝ Հայաստանը համապատասխան աշխատանք պետք է իրականացնի իր ներսում, քանի որ ԵՄ անդամակցությանը պատրաստվելը չի սահմանափակվում միայն օրենքների փոփոխությամբ։
«Մենք դեռ պետք է այդ ճանապարհն անցնենք, այդ աշխատանքը կատարենք երկրի ներսում, որովհետև դա միայն օրենքների փոփոխություն չէ։ Դա, ըստ էության, նաև մտածողության և շատ դեպքերում մեր վերաբերմունքի փոփոխություն պետք է լինի»,- ընդգծել է Խաչատուրյանը։





