Եթե ինձ մնար, ավելի շատ կթանկացնեի տրանսպորտը, որովհետև ավելի շուտ կլինեին տրանսպորտային ցանցի բարեփոխումները, չէին լինի գազելները և չէին լինի այն, ինչ մենք ունեցել ենք միշտ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, Երեւանի ավագանու նիստից ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց ավագանու «Հանրապետություն. Խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը:
«Ես նկատի ունեմ, որ կարող էին լինել ավելի բարձր սակագնով փաթեթներ, բայց այն փաթեթները, որոնք կային նախնական ընդունված նախագծում, ես այսօր էլ համարում եմ, որ իրենք ցանկացած քաղաքացու գրպանին համարժեք էին և քաղաքացիները, եթե լավ նայեին փաթեթները, հնարավոր էր իրենց համար գտնել այնպիսի փաթեթ, որ նույնիսկ 100 դրամից էլ էժան է»,-ասաց նա:
Անդրադառնալով ուղեվարձը բոյկոտելու եւ չվճարելու գործողություններին, Անի Խաչատրյանն ասաց. «Բոյկոտ ասածը իմ համար այնքան էլ հասկանալի չէ, որովհետև բոյկոտ, որպես այդպիսին, գոյություն չունի, դա ընդամենը շոու ծրագրեր են: Կա շատ քիչ քանակությամբ մարդկանց խումբ, որ բոյկոտում են, մնացածը ընդդիմադիր կոչված ավագանիների ու Թևանյանների, Հայկ Մարությանների կամերաների ներկայությամբ շոու ծրագրեր են, որը ապահովում են: Նույնիսկ կադրեր կան, որ Անդրանիկ Թևանյանը վճարում է իր քարտով, բայց մարդկանց հորդորում է, որ բոյկոտեն»: