Search
Close this search box.

Այսուհետ վարորդներին օրենքով կարգելվի ձմռանը մեքենա վարել առանց ձմեռային անվադողերի

Կառավարությունն այսօր որոշում կայացրեց, ըստ որի ձմռանն ամառային անվադողով երթեւեկողները կտուգանվեն 5000 դրամով, իսկ եթե իրենց մասնակցությամբ վթար է եղել, ապա 20 հազար դրամով:
Կառավարության նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց այն մասին, որ հաջորդ որոշմամբ պետք է խստացնեն սանկցիաները ոչ ձմեռային անվադողերով երթեւեկող վարորդների համար՝ կապելով ԱՊՊԱ-ի հետ, տեխզննության հետ: Նա անլուրջ համարեց 5 հազար դրամ տուգանքը:

«Սենց սիմվոլիկ տուգանքներով չի աշխատելու կարգավորումը: Եթե այդպիսի ավտոմեքենան ձմռանը վթարի է ենթարկվել, ես կարծում եմ՝ հաջորդ ապահովագրության վճարը պետք է 10 անգամ ավելի բարձր լինի, քան ստանդարտը: Եթե մենք ապահովագրական մեխանիզմների ճնշումը այս կարգավորումներին զուգահեռ չմեծացնենք, հաշվի առնելով ավանդույթները, մարդիկ ուղղակի սպասում են ակտի: Առավելեւս, եթե իրենց վտանգը 5 հազար դրամի տուգանքն է, վախենամ, որ սպասեն տուգանքի, այլ ոչ թե կատարեն պահանջը: Սա շատ լուրջ հարց է, քանի որ երրորդ անձանց գույքային իրավունքի եւ կյանքի հարց է; Անվադող ձմռանը չփոխելը մարդասպանություն է»,-ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ տեղեկացրեց, որ այս տարի ՆԳՆ-ն ներդրել է առցանց գրանցումների համակարգ, որտեղ յուրաքանչյուր ավտոտրանսպորտային պատահարից հետո պարեկը այնպիսի տեղեկություններ է ներբեռնում համակարգում, որ հետագայում մենք կարողանալու ենք վերհանել, թե որ ժամանակում եւ ինչպիսի հանգամանքներում է առաջացել վթարը. «Դա ժամանակ կպահանջի եւ մենք որոշեցինք, որ չենք սպասելու դրան»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչ արժե ձմեռային անիվը եւ ստացավ պատասխան՝ մոտ 30 հազար դրամ: