«Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք ՀՀ-ի համար․ Փաշինյան

Երբ 2024 թվականի գարնանը, Ազգային ժողովում ելույթ ունեցա և առաջին անգամ բարձրաձայնեցի «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության մասին, դրանից հետո, ինձ համար ցնցող պատմություն իմացա, թե ինչպես էր այդ ելույթին արձագանքել դահլիճում ներկա պատգամավորներից մեկը: Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իմ ելույթի համապատասխան շեշտադրումները լսելով նա ասել էր հետևյալը՝ «ուզում է ասել, որ Մուշը և Վանը մե՞րը չեն»: Սա, առաջին հայացքից, կարող է թվալ շատ տարօրինակ արձագանք, բայց իրականում այս արձագանքը տալիս է մեզ համար շատ կարևոր հարցերի պատասխաններ՝ ինքնին լինելով հարց, որովհետև մեր անվտանգային շատ խնդիրներ, կարող է պարզվել, որ սկսում են մեր մտքում՝ իրականության և միջավայրի մեր ընկալումների մեջ և այդ խնդիրն այսօր կա ՀՀ-ում։

Նախորդ օրը ես բոլորովին ուրիշ առիթով հանդիպում էի ՀՀ մի խումբ քաղաքացիների հետ, և խոսքի մեջ, որը մեր քննարկման թեմայի հետ կապ չուներ, հանդիպման մասնակիցներից մեկն ասաց՝ «տեսեք, Դուք ամբողջ օրը խոսում եք իրական Հայաստանի մասին, բայց երեկ իմ երեխան դպրոցից եկել է և պատմել է, թե ինչպես է իրենց պատմության ուսուցիչն ասում, որ երեխանե՛ր, իմացե՛ք՝ դուք պետք է մեծանաք և գնաք Մուշը և Վանը ազատագրելու»։ Սրանք այն երևույթներն են, որոնք մեր կոնֆերանսներում թերևս հաճախ չեն քննարկվում:

«Խաղաղության համաձայնագրի» նախաստորագրումից ավելի քան մեկ տարի անց, Հայաստանում՝ հայտնի հարթակներում և ամբիոններում, խոսվում է այն մասին և հետապնդվում է օրակարգը, որ մենք, ինչպես ձևակերպվում է, պետք է հզորանանք և ազատագրենք Արցախի Հանրապետությունը։

Ես նկատի ունեմ, որ այս երևույթներին և այս հարցադրումներին մենք հանրայնորեն ՀՀ-ում անդրադարձ չենք անում։ Եվ ընդհանրապես, սա ֆունդամենտալ խնդիր է, և այդ ֆունդամենտալ խնդրին մենք բախվել ենք նաև Ղարաբաղի հարցի կարգավորման ողջ գործընթացում, երբ ունեցել ենք զուգահեռ խոսույթներ և զուգահեռ ընկալումներ։ ՀՀ-ի ներքին կյանքում մենք այլ հարցադրումներ և շեշտադրումներ ենք արել, իսկ բանակցային սեղանների շուրջ բոլորովին այլ հարցեր են քննարկվել, բոլորովին այլ տրամաբանությամբ»,-նշել է նա։

Վարչապետն ընդգծել է, որ այն պահին, երբ հայտնվել են սոցիալական ցանցերը, ջնջել են ներքին և արտաքին խոսակցության սահմանները։

«Բայց հիմա մենք ուրիշ մարտահրավերների հետ ենք առերեսվում, երբ մենք գործ ունենք հրապարակային և ոչ հրապարակային խոսույթների և բանաձևումների զուգահեռ գոյության հետ:

Իմ կարծիքով այստեղ է, որ նաև անվտանգության լրջագույն մարտահրավերներ են առաջանում, որոնց հետ մենք պետք է առնչվենք։ Իհարկե, սահմանների ջնջված լինելը՝ ինտերնետի տրամաբանությամբ, մեզ այլ ինֆորմացիա էլ է տալիս, որ օրինակ զուգահեռաբար նմանատիպ գործընթացներ տեղի են ունենում Ադրբեջանում, մասնավորապես՝ բոլորիս արդեն հայտնի «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը, որը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային սպառնալիք է ՀՀ-ի համար, և որը սպառնալիք է ՀՀ-ի տարածաշրջանային անվտանգության համար»,-հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:
Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։