«2018-ին ես միանշանակ կանխատեսել էի, որ մի քանի տարվա ընթացքում նոր պատերազմ կլինի ու մենք կպարտվենք»,- ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ -մայոր Արշակ Կարապետյանը:
Իսկ, թե ի՞նչ փաստերի հիման վրա է նման կանխատեսում արել` գեներալ-մայոր Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում ու Ադրբեջանում առկա իրավիճակը` սկսած ժողովրդագրական պատկերից` համեմատական տանելով 1990-ականների ու դրանից 30 տարի անց իրավիճակի հետ.
«Բավական էր նայեք վիճակագրության բաց տվյալները: Օրինակ, 1990-ականներին Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդագրական ցուցանիշները քիչ թե շատ համեմատելի էին։ Մեր բնակչության թիվը մոտենում էր 4 միլիոնին, իսկ նրանք մոտ 6 միլիոն էին: Երկու հանրապետությունները չունեին բյուջե և կառուցվածքային բանակ: Մենք կարողացանք ավելի արագ կազմակերպվել առաջին հերթին հայազգի խորհրդային սպաների շնորհիվ ու դրա համար էլ այն ժամանակ հաղթեցինք»։
Մինչդեռ իրավիճակը այլ է 30 տարի անց. «30 տարի անց Հայաստանում մնացել է 2,5 մլն մարդ, Ադրբեջանում, ընդհակառակը, հասել է 10 մլն-ի։ Բյուջեներն ու զինված ուժերն անհամեմատելի են։ Նրանց բանակի թվաքանակը հասել է 150 հազարի, մոբիլիզացիոն ռեզերվով ՝ մինչև 800 հազարի, մեր ցուցանիշները մի քանի անգամ պակաս են։ Ադրբեջանը նաև բացարձակ առաջադիմության է հասել սպառազինության, տեխնիկայի, կրակային հզորության առումով։ Նման պայմաններում հեռանկարները բավականին հստակ էին ներկայացվում»։
Սրան էլ գումարած այն, որ պարբերաբար շփման գծում խնդիրներ էին առաջանում։ Կարապետյանը հիշեցնում է 2020 թվականի հուլիսի 12-ին երկու երկրների միջև տեղի ունեցած դիրքային բախումներից մեկը: Այդ շրջանում, լինելով վարչապետի խորհրդական, գեներալ Կարապետյանը` պատերազմի մեծ հավանականության մասին իր մտահոգություններ է հայտնում վարչապետի պատոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին:
«Փաշինյանին հայտնեցի, որ Ադրբեջանն ունի պատերազմ սկսելու քաղաքական որոշում, և իմ կարծիքով, այդ երկիրն արդեն կայացրել է դա: Մեկ-մեկուկես ամսվա ընթացքում կսկսվեն լայնամասշտաբ ռազմական գործողություններ»։
Ինչն էլ տեղի ունեցավ 2020-ի սեպտեմբերի 27-ին, շարունակվեց 44 օր, և եղավ ճակատագրական հայկական երկու Հանրապետությունների` Արցախի ու Հայաստանի համար: