«Ժողովուրդ». «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուժային կառույցներին մոտ կանգնած «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ քրեական աստիճանակարգով բարձր ու միջին կարգավիճակ ունեցողները օրերս հավաքվել են հարց լուծելու. հայտնվել են իրավապահները և «բռնել» են նրանց:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Պարույր Ավագյանը, ներգրավվելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը, 2024 թվականի հունիսի 6-ին Watsapp հավելվածի միջոցով կապ հաստատելով Արման Հակոբյանի հետ և ներկայանալով քրեական հեղինակություն հանդիսացող «Գրեցիայից Արամո»-ի անունից, վերջինիս հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Արմավիր քաղաքում հանդիպելու վերաբերյալ:

Նույն օրը՝ ժամը 22:00-ից 00:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 3/7 հասցեում գտնվող «Մերսի» ռեստորանում, Արման Արմենի Հակոբյանը հանդիպել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցներ, խմբավորման մեջ և շրջապատում «Չերեմուշկեցի Պրո» մականունով հայտնի՝ Պարույր Ավագյանի, Բաբկեն Կարապետյանի և նույն խմբավորման անդամներ հանդիսացող, քննությամբ ինքնությունները չպարզված ևս 6-7 անձանց հետ, որի ընթացքում տեսակապի միջոցով հանդիպմանը մասնակցել է նաև արտերկրում բնակվող «Գրեցիայից Արամո» մականվամբ ներկայացած, շրջապատում «գող Նոդարի Արամո» մականունով հայտնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող Արամ Կարապետյանը:

Հանդիպման ընթացքում մասնավոր հարցերին առնչվող վեճը լուծելու նպատակով խոսակցություն է ծավալվել Արման Հակոբյանի և ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի ոմն Վախիդի միջև առկա գումարային հարցերի շուրջ, որի ընթացքում հանդիպմանը մասնակցող վերը նշված անձանց կողմից Արման Հակոբյանի և վերջինիս ընտանիքի անդամների հասցեին հնչեցրած սպառնալիքների և ճնշումների ազդեցության տակ՝ իր և իր ընտանիքի անդամների անվտանգության վերաբերյալ առաջացած վախից դրդված, Արման Հակոբյանն ընդունել է ոմն Վախիդին իբրև թե 1.100.000 ՌԴ ռուբլի պարտք լինելու հանգամանքը և պարտավորվել է նշված գումարը փոխանցել «Գրեցիայից Արամո»-ին, նույն ինքը՝ Արամ Սամվելի Կարապետյանին: Գումարը փոխանցելու վերաբերյալ Արման Հակոբյանի համաձայնությունը ստանալով և չբավարարվելով ձեռք բերված պայմանավորվածությամբ, անօրինական օգուտ ստանալու նպատակով, հանդիպման ընթացքում Պարույր Ավագյանը Արամ Կարապետյանի հրահանգով պահանջել և Արման Հակոբյանից, նրա կամքին հակառակ, ստացել է վերջինիս պատկանող և Ռուսաստանի Դաշնությունում գտնվող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի բանալիները և տեխնիկական անձնագիրը, ինչի արդյունքում օրեր անց հիշյալ՝ 4.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենան ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի Լիտերատուրնայա 6Ա շենքի բակից, քննությամբ դեռևս չպարզված անձանց կողմից հափշտակվել է:
Այնուհետև, Արման Հակոբյանը, պարտավորությունից դրդված, հիշյալ՝ իբրև թե պարտք հանդիսացող 1.100.000 ՌԴ ռուբլի գումարը «Պրո»-ի միջոցով «Արամո»-ին փոխանցելու նպատակով 2024 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցում հանդիպել է Էդուարդ Արթուրի Եղիազարյանին, սակայն հանդիպման ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից վերջինս ձերբակալվել է, և գումարի փոխանցումը տեղի չի ունեցել: Այսինքն՝ Պարույր Մարատի Ավագյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 10-րդ կետերով: Գործը ուղարկվել է դատարան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում