«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ-ռուսական հարաբերությունները կարծես հատում են անդառնալիության կետը: Ռուսաստանյան մեր աղբյուրները հայտնում են, որ ոչ թե գազի գնի թանկացում է լինելու Հայաստանի համար, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին: Արդեն իսկ հայտարարվել է, որ պլանային նորոգում է ընթանում, և այս պահին գազապաստարաններում կուտակված գազն են ՀՀ սպառողներին մատակարարում, իսկ նոյեմբերի 1-ին ինչ-որ խոշոր «վթար» կամ ֆորսմաժոր կլինի, որի արդյունքում գազամատակարարումը չի վերականգնվի:
Մեր աղբյուրն ասում է՝ որպեսզի նման սցենար չզարգանա, Նիկոլ Փաշինյանի առաջ 4 պահանջ են դրել: Մեկը վերաբերում է 102-րդ ռուսական ռազմաբազային. Փաշինյանին առաջարկել են ձեռք քաշել այդ թեմայից: Երկրորդը վերաբերում է ռուսական մասնակցությամբ կապիտալի նկատմամբ ոտնձգություններին` երկաթուղի, «Գազպրոմ» և այլն: Երրորդը վերաբերում է «ԵԱՏՄ, թե ԵՄ» դիլեմային: Այս հարցում 2 ճանապարհ են առաջարկել` կա՛մ չեղարկել «Եվրոպական Միությանը ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը, կա՛մ այս հարցով հանրաքվեի օրը հայտարարել: Չորրորդ հարցը պրոռուսական գործիչների նկատմամբ հալածանքները դադարեցնելուն է վերաբերում: Ենթադրում ենք` Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան, Անդրանիկ Թևանյան, Սամվել Կարապետյան: Մի ենթապահանջ էլ կա` կառավարությունում Ռուսաստանի համար ընդունելի փոխվարչապետ նշանակվի, որի հետ ՌԴ իշխանություններն ուղիղ կաշխատեն, որովհետև բոլորից հիասթափված են և դժգոհ: Մենք փորձեցինք ՀՀ կառավարական շրջանակներից ճշտել այս տեղեկությունների իսկությունը:
Մեր աղբյուրներն ասացին, որ շատ քիչ մարդ է իրերի իրական դրության մասին տեղյակ, բայց վերջին օրերին մի քանիսի «դեմքին գույն չկա», իսկ ՏԿԵՆ-ից խոստացան պատասխանել մեր հարցմանը։ Մի ամբողջ օր սպասեցինք, բայց պատասխան չստացանք»։





