Վրաստանի կառավարությանը ֆինանսական աջակցությունը դադարեցնելու որոշումն արդեն ընդունված է, հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին՝ ընդգծելով, որ եթե իշխանությունը չփոխի իր քաղաքական գիծը, Վրաստանն էլ ավելի շատ կկորցնի։ Այս մասին գրում է 1tv.ge-ն:
«Մենք այդ թիվը հրապարակել ենք անցյալ շաբաթ: Վրաստանը կորցրել է 121 միլիոն դոլար ԵՄ օգնությունից, և դա վերաբերում է միայն շարունակական աջակցությանը: Եթե իշխանությունը չփոխի կուրսը, Վրաստանն էլ ավելի շատ կկորցնի: Եթե դուք՝ վրացիներդ, ձեր քվեներով որոշեք չշարունակել ԵՄ անդամակցության ճանապարհը, ապա Վրաստանը կկորցնի ամբողջական ֆինանսական աջակցությունը, որը նախատեսված է ԵՄ-ին անդամակցելուց առաջ ընկած ժամանակահատվածի համար։ Այդ դեպքում Վրաստանը կկորցնի այն բոլոր գումարները, որոնք ստանում են ԵՄ նոր անդամները, հատկապես ցածր տնտեսական զարգացում ունեցող երկրները», — ասել է ԵՄ դեսպանը։
Գերչինսկու խոսքով՝ ԵՄ անդամակցությունը խաղաղության, կայունության, զարգացման և բարգավաճման երաշխիք է, բայց ընտրությունը ժողովրդինն է։
«Դուք ինքներդ կորոշեք ձեր երկրի ապագան, ինչպիսին եք ուզում, որ այն լինի»,- ասել է Գերչինսկին։
Նշենք, որ հոկտեմբերի 26-ին կայանալու են խորհրդարանական ընտրություններ: