Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում այսօր՝ նոյեմբերի 21-ին, պետք է կայանար «Փյունիկ» — «Վեստ Արմենիա» հանդիպումը, սակայն խաղը չեղարկվել է։
Պարզվում է, որ «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները ի նշան բողոքի ակումբի ղեկավարության դեմ, հրաժարվել են դուրս գալ խաղադաշտ։ Բանն այն է, որ «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները արդեն երեք ամիս է աշխատավարձ չեն ստացել։ Արտասահմանցի որոշ ֆուտբոլիստները նույնիսկ զրկվել են վարձավճարով վերցված իրենց տներից, ու հնարավորություն չունեն նույնիսկ սնվելու։
ՀՖՖ-ն խոստացել է ակումբի պարտքերը փակել ՈւԵՖԱ-ի կողմից ուղարկված, այսպես կոչված, «համերաշխության» գումարների հաշվին, բայց 2025-ի հունվարին։ Հետաքրքիր է, թե ինչ են անելու ֆուտբոլիստները մոտ մեկուկես ամիս առանց գումարի։