Search
Close this search box.

Սուրեն Պապիկյանը տուգանվել է 100 հազար դրամով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին՝ կապված վերջինիս՝ ՔՊ վարչության նախագահ լինելու ընթացքում թույլ տրված վարչական իրավախախտման հետ, հաղորդում է «Փաստինֆոն»։

Հարուցված վարույթի համաձայն՝ 2022թ․ ընթացքում ՔՊ պաշտոնատար անձ Սուրեն Պապիկյանի կողմից չի պահպանվել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ Կուսակցության բոլոր դրամական վճարումներն անկանխիկ հաշվարկներով կատարելու պահանջը։ Պապիկյանը դիրքորոշում չի ներկայացրել՝ վարույթի առնչությամբ։ Արդյունքում՝ արձանագրվել է, որ Պապիկյանի կողմից չի պահպանվել կուսակցության բոլոր դրամական վճարումներն անկանխիկ հաշվարկներով կատարելու պահանջը, մասնավորապես՝ 2022թ ընթացքում Կուսակցության քարտային հաշվից իրականացվել են ընդհանուր 11,387,000 ՀՀ դրամի չափով կանխիկացումներ։

ԿԿՀ-ն արձանագրել է, որ Կուսակցության քարտային հաշվից կատարված կանխիկացման գործառնությունները նախաձեռնված են եղել անկանխիկ եղանակով, սակայն ուղղված չեն եղել շահառուի բանկային հաշվին, քանի որ կուսակցության բանկային հաշիվների քաղվածքների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանք կանխիկացվել ե բանկոմատների միջոցով։ Միևնույն ժամանակ, Կուսակցության բանկային հաշվի քաղվածքների ուսումնասիրությամբ ձեռք չեն բերվել այնպիսի տվյալներ, որոնք հնարավորություն կտային ենթադրելու, որ այդ կանխիկացված դրամական միջոցները հետագայում մուտքագրվել են կուսակցության բանկային հաշիվներին։ ԿԿՀ-ն որոշել է Սուրեն Պապիկյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ 100,000 ՀՀ դրամի չափով։