Search
Close this search box.

Սիրիայի «սեզամն» ու Սյունիքի «սալամը». Դավիթ Կարապետյան

Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ասադի տապալումից հետո, երբ Էրդողանն այցելել էր Սիրիայի սահմանից ոչ հեռու գտնվող Այնթափ քաղաք հայտարարեց, որ գալիք 2-3 ամիսը կունենա առանցքային կարևորություն աշխարհի համար:

Իսկ երբ դեկտեմբերի 13-ին Սակարյա քաղաքում տեղի ունեցած հանրահավաքում Էրդողանն անկեղծացավ՝ հայտարարելով, թե «Հալեպը, Իդլիբը, Դամասկոսը և Ռաքքան կդառնան մեր նահանգները, ինչպես Անթեփը, Հաթայը և Ուրֆան: Սիրիական քաղաքները կդառնան Թուրքիայի մաս»՝ ամեն ինչ «ընկավ իր տեղը»:

Այս խոսքերը լսողն ու բովանդակությունը հասկացող գիտակից մարդն իր հետևությունն արեց, մատերի արանքով նայողն էլ շարունակում է դրսևորել՝ «թքած ունենալու» նուրբ արվեստն ու իր ապատիկ վարքը:

Ըստ այդմ՝ Էրդողանն ընդգծեց իր մտադրությունը վերանայելու առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները, ըստ որի օսմանյան նահանգներն անջատվել էին Օսմանյան կայսրությունից, այսինքն՝ այժմյան Թուրքիայից: Եվ նա այդ «անարդարության» վերջը դնելու է իր օրոք:

Ինչ խոսք՝ Էրդողանի ծրագրերի, ծավալապաշտական նկրտումների մասին նոր չէ որ գիտենք, խոսում, բարձրաձայնում ենք:
Մարդն անկեղծ ասում է այն, ինչ մտածում է, մանավանդ՝ էյֆորիայի տակ է, ախորժակը բացվել է, ձեռքերն էլ՝ երկարել:
Բայց նա իրենց ապագայի նկատմամբ հստակ ռազմավարական տեսլական ունի և հստակ գիտի՝ ի՞նչ է ուզում, ինչպե՞ս է ուզում և ե՞րբ է ուզում:

(Նախորդ՝ «Սիրիական դրաման և մենք» վերտառությամբ վերլուծական հոդվածումս, այս ամենը մանրակրկիտ ներկայացրել եմ)

Եթե օրեր առաջ Էրդողանն իր գենշտաբի ուղիղ ենթակայության ներքո գործող ահաբեկչական, ջիհադիստական խմբերին ուղարկեց Սիրիա՝ Հալեպն ու Դամասկոսը գրավելու և դա նրա մոտ ստացվեց, ապա սպասելի էր, որ հաջորդ քայլը լինելու է Սիրիայի թրքացումը:
Այնպես որ զարմանալի չէր, անգամ սպասելի էր այս հայտարարությունը:

Նա հասկանում է, որ այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, փաստացի Թուրքիայի ռազմավարական հաղթանակն է՝ հատկապես Ռուսաստանի ու Իրանի թուլացման հաշվին։
Եվ ինչ խոսք՝ Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռանկյունում ուժային բալանս է փոխվում՝ ի օգուտ Թուրքիայի:

Ավելին՝ Սիրիայի նկատմամբ թուրքական ազդեցությունը բավականին բարձրացնում է վերջինիս կշիռն առաջին հերթին Ռուսաստանի ու Իրանի համար, որոնք պատրաստ կլինեն այլ նոր «զոհաբերությունների գնալ», այդ թվում՝ նաև մեր մասով։
Այս համատեքստում մի հետաքրքիր փաստ.
ռուսը որտեղ ոտք է դնում, այն հետո հանձնվում է թուրքին, իսկ պարսիկը միշտ վերջում հանդուրժում-համակերպվում է:

Այս նույն համատեքստում՝ Արցախի ու Սիրիայի կորուստն ու դրանց Թուրքիային բաժին դառնալը շատ ծանր է նստելու և՛ Պուտինի վրա, քանի որ Անկարայի նպատակը Ռուսաստանի մաստատումն ու կործանումն է, որին շատ ակտիվ գնում է Էրդողանը՝ վռնդելով ռուսներին Արցախից և Սիրիայից ու ստեղծելով պլացդարմեր Ռուսաստանի վրա արշավելու համար, և՛ Փեզեշքիանիի վրա՝ քանի որ ԱՄՆ-ի հետ շահերի սինխրոնացում կա և հաջորդիվ Իրանի մասնատումն է ծրագրավորվում:

Հետևաբար՝ Էրդողանն արձանագրելով շոշափելի հաջողությունն ու հաղթանակը, հասկանում է, որ գերազանց առիթ է ընձեռվել իր առավելապաշտական ծրագրերն իրականացնելու համար:

Ընդ որում՝ Սիրիայի հարցում նա ունի «արդարացում».
Սիրիայի ողջ տարածքը, Հալեպով ու Դամասկոսով հանդերձ, 1518-ից մինչև առաջին աշխարհամարտի ավարտն եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ:
Նույն ժամանակահատվածում օսմանների տիրապետության տակ է եղել նաև Երուսաղեմը:
Եվ մեկ անգամ չէ, որ Էրդողանը կամ նրան հարող ու ենթակա սաթելիտ ուժերը հայտարարել են՝ Մեծ Թուրանի, Օսմանյան կայսրության սահմանների, նրա մեջ մտնող խոշոր քաղաքների, այդ թվում՝ Երուսաղեմի վրա տիրապետություն հաստատելու ցանկությունների ու նպատակների մասին:

Հատկանշական է այն, որ երբ պատեհ առիթից օգտվելով իսրայելական բանակը ևս ներխուժեց Սիրիա ու գրավեց Գոլանի բարձունքների հարևան բուֆերային հսկայական գոտին, ինչպես նաև Հերմոն լեռը, ի պատասխան այդ գործողությունների, թուրքական հովանու ներքո գործող, ահաբեկչական՝ «Խայաթ Թախրիր աշ-Շամ» կազմակերպության առաջնորդն, արդեն իսկ հայտարարեց, որ կստիպեն Նեթանյահուին դուրս գալ գրավյալ տարածքներից, ավելին՝ վերադարձնելու են այն բոլոր տարածքները, որոնք օկուպացվել են Իսրայելի կողմից դեռևս 1967 թվականին, այդ թվում՝ Գոլանի բարձունքները:

Այս մասով՝ ժամանակը ցույց կտա, թե Թուրքիան կստիպի՞ իսրայելական զորքին դուրս գալ սիրիական տարածքներից կամ կհասնի՞ Երուսաղեմ, թե ոչ, բայց այն, որ Սիրիան «վաճառվեց» այնպես, ինչպես Արցախը՝ փաստ է:
Փաստ է նաև այն, որ՝ Սիրիայի մի մասը բաժին հասավ իրեն, մյուսը մասն՝ «իր թշնամի» Իսրայելին:

Եվ հիմա հերթը հասել է Հարավային Կովկասի վերաձևմանը, որի մասին ակնարկվում էր Սիրիա ներխուժման օրերին:

Ինչ խոսք՝ սիրիական զարգացումներն ուղիղ կերպով ազդելու են Հարավային Կովկասի վրա։
Ադրբեջանն ավելի հանդուգն ու ապակառուցողական է լինելու, Թուրքիայի հռետորաբանությունն ավելի է կոշտանալու, Ռուսաստանի, Իրանի դիրքավորումներն ավելի խոցելի են դառնալու։
Եվ այս համատեքստում 2025 թվականը կրիտիկական ու վճռական տարի է լինելու։

Թուրքական TRT-ով հայտարարում են, որ Սիրիան վերցնելուց հետո զբաղվելու են՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով»:

Թուրքական աղբյուրները բարձաձայնում են՝ «միջանցքը» մեկ ժամում գրավելու մասին:
Սյունիքի ու Վայոց Ձորի էքսպանսիայի արդյունքում Հայաստանից կմնա ընդամենը 10 հազար քառակուսի կիլոմետր տարածք, որը շատ կարճ ժամանակահատվածում ևս մեջ֊մեջ կարվի։

Դեռևս Հայաստանի հանդեպ բանեցվում է փափուկ ուժը, որպեսզի Հայաստանը ստորագրի «խաղաղության պարմանագիրն» ու իրենց պատկերացումներով բացի «Զանգեզուրի միջանցքը»:
Այլապես՝ այն կվերցվի ռազմական ուժով:

Իրականությունն այն է, որ փաստացի՝ Սյունիքի ու Վայոց Ձորի վրա կախվել է թուրք-ադրբեջանական զավթման սպառնալիքը, որը սաստկացել Սիրիայի գրավումից հետո:

Այս պահից սկսած Սյունիքի ու Վայոց Ձորի ռազմական անեկսիայի մեծ հավանականություն կա:
Եվ այո՛, Սիրիայից հետո հաջորդը մենք ենք։
Սիրիայից հետո Անկարայի նպատակը Հայաստանի հարավի՝ Սյունիքի և Վայոց ձորի գրավումն է։

Չի բացառվում, որ թուրքերն արդեն իսկ ունեն համաձայնություն Ռուսաստանի հետ, իսկ Իրանի նախագահ Փեզեշքիանիի համաձայնությունը դժվար թե չկորզեն ու «կարմիր գծերը կանաչացնեն»:

Սա է իրականությունը:

Ցավոք, Հայաստանում շատերը լուրջ չեն վերաբերվում այս հայտարարությանը, չեն պատկերացնում պահի լրջությունն ու վտանգավորությունը կամ չեն ուզում հավատալ, որ նույն այն թուրքերը, որոնք ըստ էության տարբեր ուժերի թողտվությամբ ու ներքին համաձայնությամբ անարգել մտել են Սիրիա, այդպես էլ կարող են անցնել Արաքսն ու մտնել Հայաստան:
Որ այն, ինչ հիմա անում են թուրքերը Սիրիայում, վաղը շատ հանգիստ կերպով կարող են անել Հայաստանում:

Կան մարդիկ, որոնք ասում են.
Իրանը չի թողնի, ռուսը չի թողնի, Ֆրանսիան ու Ամերիկան չի թողնի։
Ապրում են պատրանքներով, թե բա
թուրքի հետ հնարավոր է խաղաղ ապրել, համակեցություն անել, որ եթե կնքվի «խաղաղության պայմանագիրը», ապա վտանգներն ի սպառ չեզոքացվելու են։
Կա տեսականի, որոնք ասում են՝ «Սյունիքը տանք, հանգիստ ապրենք», համ էլ ու՞մ է պետք հեռու, ձնոտ սարերով Զանգեզուրի լեռները:
Որոշներն էլ խորհուրդ են տալիս գլխի ճարը տեսնել ու երկիրը լքել:

Կան մարդիկ, որոնք առ այսօր, այսքանից հետո չեն հասկանում, որ աշխարհը թքած ունի մեր վրա։
Որ աշխարհն, ինչպես Արցախում տեղի ունեցածի վրա աչք փակեց ու մեզ մենակ թողեց, այնպես էլ Սյունիքի գրավումն ու հայաթափումն է հանդուժելու։
Որ Սյունիքը տալով չենք պրծնելու, որ ընդհակառակը՝ ախորժակ ենք բացելու, որ վաղն էլ Երևանն ու այլ գյուղ ու քաղաքներն են ուզելու:
Որ հնար ունենան՝ վիզդ են կտրելու, բնաջնջելու են, հայրենազրկելու են:

Բարեբախտաբար, կան նաև մարդիկ, որոնք հասկանում են այս ամենը:
Գիտակցում են, որ մենք պետք է մեզ պաշտպանենք, որ հույսը պետք է դնել բացառապես սեփական ուժերի վրա, թեկուզ այն տասնապատիկ անգամ նվազ է թշնամու հնարավորություններից, իսկ մենք՝ հյուծված:

Մառազմն էլ այն է, որ ալիևյան պրոպագանդիստներն ամբողջ օրը խոսում են Հայաստանի դեմ նոր պատերազմի, «Արևմտյան Ադրբեջանի» մասին, իսկ Հայաստանը կառավարող անոմալ զույգը զբաղված է ֆեսբուքա-տիկտոկյան «Reality Show»-ով՝ գլխավոր նպատակը համարելով սոցիալական ցանցերում զետեղված իրենց մասնակցությամբ դատարկ տեսարանների դիտումների թվի աճն ու մարդկանց այս խնդիրներից շեղելը:

Չնայած՝ Խորենացու «Ողբը» հենց այնպես չեն մարդ ու կին, մեկ ամիս անգիր արած հրամցնում հանրությանը՝ այդկերպ նախապես զգուշացնելով մոտալուտ վտանգի կամ կորստի մասին:

Մանավանդ՝ գաղտնիք չէ, որ այսօրվա ղեկավարությունով Հայաստանը, մեղմ ասած, պատրաստ չէ, չի էլ ուզենա դիմագրավել նման մարտահրավերներին, իսկ դա բերելու է ճակատագրական հետևանքների։
Որ անգամ նրանց թրքահպատակությունը մեզ չի օգնելու և հավանական արհավիրքներից մեզ չի փրկելու։

Իսկ այն, որ այս իշխանությունների վարած քաղաքականության ու ներքին պայմանավորվածությունների արդյունքում Սյունիքից դուրս են բերվել ռուսական հենակետերը, որոնք տեղակայվել էին 2020 թվականի նոյեմբերի 9֊ից հետո, և այն, որ այնտեղից դուրս է բերվել նաև հայկական ծանր զինտեխնիկան ու սպառազինությունը՝ շատ ավելի վտանգավոր նարատիվների ու մտածելու տեղիք է տալիս:

Այս առումով, Սիրիայի դեպքերը եկան նաև ապացուցելու, որ 13 տարվա քաղաքացիական պատերազմից հետո, ընդամենը 11 օրում հնարավոր է մի վճռական խմբով՝ հողաթափերով, ավտոմատներով ու պիկապներով վերացնել մի ողջ իշխանություն, գրավել մի ողջ պետություն:

Սիրիան, որը 185 հազար քկմ է՝ գրավվեց հաշված օրերի ընթացքում:
Հայաստանը՝ 29,7 հազար քկմ է…
Հետևությունները թողնում եմ ձեզ…

Այս իրադարձությունները եկել են մեզ նաև ցույց տան, որ աշխարհը գլոբալ ու արյունոտ վերաբաժանման փուլում է, որտեղ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ազդեցիկ ուժերը հրով և սրով են լուծում իրենց հարցերը՝ թքած ունենալով միջազգային իրավունքի, մի շարք դեկլարացիաների, փոքրաթիվ ազգերի ու պետությունների վրա։

Այս ամենը գիտակցող Հայն անելիք ունի:
Խոհեմություն ու սթափություն բոլորիս…