Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյանը Երևանի ավագանու նիստի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է իր կնոջ նշանակումը և աշխատակազմում կադրային փոփոխությունները:
Վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանը հայտարարել է, որ Մալաթիա-Սեբաստիայի ղեկավարի պաշտոնում ոչ ոքի աշխատանքից չի ազատել, իսկ իր կինը թիվ 86 մանկապարտեզի տնօրեն է դարձել բաց մրցույթի արդյունքում՝ մինչ իր նշանակումը։
Խոսելով շահերի հնարավոր բախման և կնոջ պաշտոնավարման մասին՝ Կատվալյանը նշել է. «Կինս մրցույթով է դարձել թիվ 86 մանկապարտեզի տնօրեն, երբ ես դեռ չէի նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ Անցել է լիցենզավորման փուլը, ստացել համապատասխան հավաստագիր, իսկ մրցույթին եղել է միակ մասնակիցը և գրավոր ու բանավոր փուլերով ճանաչվել հաղթող։ Այստեղ որևէ խնդիր չկա»։
Անդրադառնալով աշխատակազմում «կադրային ջարդի» վերաբերյալ լուրերին՝ նա դրանք անհիմն ու ծիծաղելի է համարել։ «Անկեղծ ասած՝ իմ որոշմամբ կամ հրամանով որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել։ Երբ նշանակվեցի և եկա թաղապետարան, մոտ 10 աշխատակից արդեն ազատման դիմում էր գրել՝ առանց իմ որևէ ներգործության։
Որոշ աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր՝ աշխատանքային թերացումների և բնակիչների հետ ոչ պատշաճ վերաբերմունքի համար»։ Թիվ 94 մանկապարտեզի շուրջ ստեղծված իրավիճակի մասով Կատվալյանը հայտնել է, որ նախկին տնօրենը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, և նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար։ Իսկ բռնության և դրամահավաքության մասին ահազանգերին անդրադառնալով՝ թաղապետը նշել է, որ նման փաստերի առկայության դեպքում դրանցով պետք է զբաղվեն իրավապահները։





