Խուզարկություններ են իրականացվում ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը։ Միաժամանակ խուզարկություններ են սկսել Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ ընկերությունների տնօրենների բնակարաններում: Թեմային անդրադարձել են նաև ռուսական լրատվամիջոցները։
Коммерсантъ-ը գրում է, որ Գագիկ Ծառուկյանը հունիսին դատական հայց էր ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ամսվա վերջին Հայաստանի դատախազությունը դիմել էր ԿԸՀ-ին՝ խնդրանքով զրկել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից։ Ավելի վաղ քաղաքական գործչի նկատմամբ գործ էր հարուցվել հարկերից խուսափելու համար։
ВФокусе Mail-ը գրում է՝ հատկանշական է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր «եռագլուխ ընդդիմության» երեք առաջնորդների (Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի) «գլուխները կտրելու» ծրագրերի մասին: Այս խոսքերը նա ասել էր դեռ ընտրություններից առաջ։ Իսկ արդեն քվեարկությունից հետո նա «լեգիտիմ իրավունք» է անվանել քվեարկության արդյունքում խորհրդարան անցած ընդդիմության ներկայացուցիչներին «հետագա քաղաքական գործունեության հնարավորություններից» զրկելը: Արդյունքում, Հայաստանում ձերբակալվեցին ընդդիմադիր հարյուրավոր գործիչներ, և նրանց տները խուզարկվեցին ինչպես ընտրություններից առաջ, այնպես էլ դրանից հետո։





