Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալը Հայաստանին սպառնում է գների աճով, արտահանման կրճատմամբ և բնակչության նվազմամբ՝ հավանաբար ԵՄ-ի հետ անայցագիր ռեժիմի փոխարեն. այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողների հետ զրույցում (RBC.ru)։
Օվերչուկը մեկնաբանել է Հայաստանի կառավարության ընդունած որոշումը՝ «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողով ուղարկելու մասին։
«ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու միություններն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ,- ասել է նա։
Օվերչուկը նշել է, թե ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների դադարեցումը Հայաստանին սպառնում է սննդամթերքի և էներգիայի գների աճով, ինչպես նաև արտահանման 70-80 տոկոս կրճատմամբ. «ԵԱՏՄ անդամակցությունը արտոնություն է, իսկ ԵՄ անդամակցությունը համեմատելի է «Տիտանիկի» տոմս գնելու հետ՝ բլոկում առկա տնտեսական և սոցիալական խնդիրների պատճառով»։
Օվերչուկը նաև կասկածի տակ է դրել օրինագծի հեղինակների ազնվությունը Հայաստանի բնակիչների և ԵԱՏՄ մյուս երկրների նկատմամբ՝ այս միությունից անդամակցության դադարեցման կետի բացակայության պատճառով։
«Ինչու՞ պետք է կառչել ԵԱՏՄ-ից, որտեղ չես ուզում լինել, այնպես չէ՞։ Եթե հարցն այդպես չի դրվում, ուրեմն այս օրինագծի հեղինակները իրենք են հասկանում մեր միությունից Հայաստանի դուրս գալու հետևանքները»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։
ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին խնդրագիրը Հայաստանում անցյալ տարի կազմակերպված ստորագրահավաքին ստացել է 52 հազար ստորագրություն՝ կառավարությունում այս հարցի քննարկման համար անհրաժեշտ 50,000-ից։ Հունվարի 9-ին համապատասխան օրինագիծը քննարկվեց կառավարությունում և ուղարկվեց խորհրդարան, ինչպես նախատեսված է օրենքով։
Ստորագրահավաքը նախաձեռնել են արևմտամետ չորս կուսակցություն և նախաձեռնություններ։ Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ քանիցս հայտարարել են, որ ԵՄ-ի անդամակցության հարց երկրի օրակարգում չկա։