Search
Close this search box.

Փախստականների մեջ կարող են հայեր էլ լինել. Ավստրիայի նախկին արտգործնախարարը` Սիրիայի մասին

Միլիոնավոր մարդիկ փախչելու են Սիրիայից մարդկանց որսի, սովի և ահաբեկման պատճառով. ԵՄ երկրները դրան չեն դիմանա։ Նման կարծիքի է Ավստրիայի նախկին արտգործնախարար, Ռուսաստանի հիմնախնդիրների աշխարհաքաղաքական դիտարանի (Սանկտ Պետերբուրգի պետական ​​համալսարանի G.O.R.K.I կենտրոն) ղեկավար Կարին Քնայսլը։
«Հիմա միլիոնավոր մարդիկ կփախչեն Սիրիայից մարդկանց որսի, սովի և ահաբեկչության պատճառով: Նրանցից շատերը իսկական քաղաքական փախստականներ կդառնան: Դրանք են սիրիացի պետ​​ծառայողները, ուսուցիչները, քրիստոնյաները, լինեն նրանք ուղղափառ, մարոնիներ, թե հայ: Իսմայիլիներ, ալավիներ և բոլոր նրանք, ովքեր չեն ցանկանում, որ իրենց նկատմամբ հաշվեհարդար տեսնեն Դամասկոսի փողոցներում»,- գրել է նա իրTelegram–ալիքում:
Քնայսլի կարծիքով` այնպիսի երկրներ, ինչպիսին Ավստրիան է, պատրաստ չեն լինի անխուսափելի փորձանքին, որը վրա կհասնի Արևմտյան Ասիայից Արևմտյան Եվրոպա:
«Այս անգամ Եվրոպան վտանգված է դառը պտուղներ քաղել «չափավոր ապստամբներին» զինելու իր ներդրումների համար»,- նշել է Ավստրիայի նախկին արտգործնախարարը։

Նա նաև իրականությունից դուրս է անվանել արևմտյան մամուլի հրապարակումներն ու եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները սիրիացիների հայրենադարձության մասին:
«Պարզ հարց. ի՞նչ օդանավերով, Սիրիայի ո՞ր օդանավակայաններ։ Երկիրն ամեն օր ռմբակոծվում է Իսրայելի կողմից և խեղդվում անօրինականության մեջ», — ավելացրել է նա:

Քնայսլը հիշեցրել է 2015 թվականի իր հայտարարություններն այն մասին, որ Եվրոպան չի կարողանա հաղթահարել անօրինական միգրացիայի հոսքը, ինչպես նաև նախազգուշացումները բռնության և սեռական հանցագործությունների աճի մասին:
Նա նաև նշել է, որ այն ժամանակ այդ հայտարարությունների պատճառով իր հետ չեն կնքվել դասավանդման մի շարք պայմանագրեր, արգելվել է ելույթ ունենալ պետական ​​հեռուստաալիքով։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին զինված ընդդիմադիր խմբերը Հալեպ և Իդլիբ նահանգներում լայնածավալ հարձակում են սկսել սիրիական բանակի դեմ։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան նրանք վերահսկողության տակ են վերցրել մի քանի առանցքային քաղաքներ, այդ թվում՝ Հալեպը, Համեն, Դերաան և Հոմսը։ Արդեն դեկտեմբերի 8-ին ընդդիմության ուժերը մտել են Դամասկոս, որտեղից Սիրիայի կառավարական զորքերը ստիպված են եղել նահանջել։

Սիրիայի կառավարության ղեկավար Ալ-Ջալալին հայտարարել է իշխանության խաղաղ փոխանցման պատրաստակամության մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը վայր է դրել իր լիազորությունները և լքել երկիրը՝ հանձնարարելով իրականացնել իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու գործընթաց:
Սիրիական ընդդիմությունն արդեն հայտնել է անցումային կառավարության ղեկավարի անունը` Մուհամեդ ալ-Բաշիր։ Նախկինում նա գլխավորել է Իդլիբում գործող «Սիրիական փրկության կառավարությունը», որը ստեղծվել էր Սիրիայի հյուսիս-արևմուտքը վերահսկող հակակառավարական իսլամիստական խմբավորումների կողմից: