«2025թ․ Ինդոնեզիա ընդամենը 30 հազար դոլարի ապրանք է Հայաստանից արտահանվել․ ստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան դեպի Ինդոնեզիա մեր ընդհանուր արտահանման ծավալը»,- ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդրանիկ նիստում, որտեղ քննարկվել է «ԵԱՏՄ և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Ինդոնեզիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը, ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։
«Ներկայացված փաստաթուղթը չափազանց կարևոր է, որովհետև նախ ցույց է տալիս ՀՀ կառավարության փաստացի ձախողումը՝ դիֆերսիֆիկացված առևտրի իրականացման իմաստով, նաև ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի դիրքավորման իմաստով, որովհետև, եթե Հայաստանը ԵԱՏՄ անդամ չլիներ, վստահ եմ, նա չէր կարող առանձին Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագիր ունենալ»,- նշել է Ղազարյանը։





