Ինչպես հայտնել էինք վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Կազանում նա հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
ՀՀ Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը գոհունակություն է հայտնել Իրանի հետ հարաբերությունների դինամիկ բնույթից և ընդգծել, որ նախագահ Փեզեշքիանի պաշտոնը ստանձնելուց ի վեր այդ դինամիկան ոչ միայն պահպանվում է, այլ նաև զարգանում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը ՀՀ Կառավարության համար առաջնահերթություններից է:
Իրանի նախագահը կարևորել է Հայաստանի հետ փոխգործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը, այդ թվում` տնտեսության, մշակույթի ոլորտներում: Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է, որ իր երկրի առաջնահերթությունն է զարգացնել հարաբերությունները հարևան և բարեկամ պետությունների հետ` հավելելով, որ Հայաստանն այդ երկրներից մեկն է:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Հայաստանի և Իրանի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ երկկողմ ամուր և խորը հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը: