«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների ձերբակալությունները գնահատում ենք որպես ուղիղ քաղաքական հետապնդում կուսակցության դեմ, լրագրողներին ասաց քաղաքական ուժի մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։
«Սա նախորդ օրերի գործընթացի շարունակությունն է, բերման ենթարկվածների թվում էլի կին կա՝ Արտաշատի գրասենյակից Հասմիկ Ամիրզադյանը։ Նիկոլ Փաշինյանը փորձում է կանանց միջոցով պայքարել ու ճնշումներ գործադրել։ Բայց այս քաղաքական հետապնդումները մեզ չեն կանգնեցնում, մենք գնալու ենք մեր նախանշած ուղով», — ասաց նա։
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով։ Այդ մասին Aysor.am-ին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Վաղ առավոտից Հակակոռուպցիոն կոմիտեն իրականացրել է խուզարկություններ՝ «Ուժեղ Հայաստան»-ի տարբեր գրասենյակներում։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ բերման ենթարկված անդամ Հասմիկ Ամիրզադյանին մեղադրանք է ներկայացվել, քննարկում են խափանման միջոցի հարցը։





