Շիրակի մարզի հարյուրից ավելի մսավաճառներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել մարզպետարանի շենքի դիմաց. նրանք պահանջել են սպանդանոց հիմնել համայնքներում։ NEWS.am–ի հետ զրույցում ակցիայի մասնակից Հովհաննես Առաքելյանը նշեց՝ մարզում գործող սպանդանոց չկա, իսկ առանց սպանդանոցային մորթի միս վաճառելու դեպքում տուգանվում են։
«Գյուղացին չի կարող 40 կիլոգրամանոց խոզը հասցնել Արմավիր և այնտեղ մորթել, այդպես ո՞նց կլինի։ Մենք էլ չենք գնում գյուղերում մորթում, գալիս են առգրավում տանում, մենք էլ վախենում ենք միս բերել։ Հազարից մեկ Արագածոտնի մարզից ենք միս բերում, դա էլ չենք կարողանում վաճառել»,–ասաց ակցիայի մասնակիցը։
Հովհաննես Առաքելյանը պատմեց, որ Շիրակի մարզպետարանի աշխատակիցների հետ հանդիպում են ունեցել, սակայն իրենց հարցերն անպատասխան են մնացել, խնիդրը՝ չլուծված։
«Ոչ մի գյուղում սպանդանոց չկա, որտե՞ղ մորթենք կենդանիներին։ Թող ամեն համայնքում մի սպանդանոց սարքեն, գումարը վճարենք, մորթեն, գնանք վաճառենք»,–ասաց ակցիայի մասնակիցը։
Բողոքի ակցիայի մասնակից մսավաճառը նշեց, որ փետրվարի 6-ին Շիրակի մարզի գրեթե բոլոր գյուղերի մսավաճառները կրկին հավաքվելու են և իրենց խնդիրները ներկայացնեն մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցներին։
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին նույն խնդրի վերաբերյալ բողոքի ակցիա էին իրականացնում նաև Երևանի «Գում»–ի շուկայի մսավաճառները. Սննդի անվտանգության տեսչական մարմինը ստուգում էր անցկացրել և շուրջ 1 տոննա ոչ սպանդանոցային մորթի միս առգրավել մսի վաճառքի կետերից։