Ադրբեջանը շարունակաբար դիմում է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պահանջելով վերացնել միջանկյալ միջոցը, որով պարտավորվում է պարբերաբար տեղեկություններ ներկայացնել Ադրբեջանում պահվող հայ գերիների պահման պայմանների և առողջական վիճակի վերաբերյալ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը։
Սակայն 2026 թվականի ապրիլի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի հերթական դիմումը՝ վերահաստատելով նախկինում սահմանված պարտավորությունները։
Դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին շարունակել տրամադրել մանրամասն տվյալներ կալանավորվածների պահման պայմանների, բժշկական վիճակի, բժշկական քարտերի, անցկացված հետազոտությունների և բուժման վերաբերյալ։
Բացի այդ, ՄԻԵԴ-ը պահանջել է ներկայացնել նաև հայ գերիների դեմ հարուցված քրեական գործերով կայացված դատավճիռների պատճենները կամ դրանց ամփոփագրերը՝ ներառյալ դատավորների հիմնավորումները՝ հիմնված գործի ապացույցների վրա։
Հաջորդ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է 2026 թվականի օգոստոսի 31-ը։





