Search
Close this search box.

Կոչ ենք անում վերանայել այս վտանգավոր դիրքորոշումը, որը փորձում է նսեմացնել Հայոց ցեղասպանության հարցը. Ռուզաննա Ստեփանյան

ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արտաքին գործերի նախարարի Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունը չլինելու մասին հայտարարությունը խիստ մտահոգիչ է և անընդունելի:

Այն ուղղակիորեն հակասում է ՀՀ անկախության հռչակագրին, որտեղ հստակ ամրագրված է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պահանջատիրության սկզբունքը։
Նման հայտարարությունը ոչ միայն խախտում է մեր պետականության հիմնարար փաստաթղթի դրույթները, այլև անտեսում է Սահմանադրական դատարանի որոշումները:
Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դրա հետևանքների վերացումը չեն կարող լինել պարզապես պատմաբանների ուսումնասիրության առարկա: Դա մեր ժողովրդի արդար պահանջատիրության անբաժանելի մասն է, պետական քաղաքականության գերակա ուղղություն և միջազգային իրավունքի տեսանկյունից՝ արդարության վերականգնման հրամայական:

Կոչ ենք անում վերանայել այս վտանգավոր դիրքորոշումը, որը փորձում է նսեմացնել Հայոց ցեղասպանության հարցը և այն դուրս բերել քաղաքական օրակարգից: Նման մոտեցումը ոչ միայն վիրավորում է զոհերի հիշատակը, այլև թուլացնում է մեր պետության դիրքերը միջազգային ատյաններում:

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը պետք է շարունակեն մնալ մեր արտաքին քաղաքականության առանցքային առաջնահերթությունները: Սա ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման և նման ոճիրների կանխարգելման գրավականն է: