Կառավարությունը այս ամիս էլ սոցիալական աջակցություն կտա անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին և վերջ

Հայաստանի կառավարությունը նախատեսում է երկարաձգել 2020 թվականի պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ժամկետը՝ մինչև 2025 թվականի փետրվար ամիսը ներառյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ գործող կարգավորման՝ 2020 թվականի դեկտեմբերին ընդունված որոշմամբ պետությունն ամեն ամիս 300 հազար դրամ էր տրամադրում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, սակայն աջակցության ժամկետը նախատեսված էր մինչև 2024 թվականի դեկտեմբեր։

Փոփոխությունների արդյունքում աջակցության տրամադրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2025 թվականի փետրվար ամիսը ներառյալ, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարվելու է առաջարկ ներկայացնել գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ։

Ներկայումս 22 ընտանիք դեռևս չունեն իրենց հարազատներին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու մասին որոշում, ինչի հետևանքով նրանց վճարումները կդադարեցվեին 2025 թվականի փետրվարի 1-ից։ Աջակցության երկարաձգման համար 2025 թվականի փետրվար ամսվա անհրաժեշտ ֆինանսավորումը կկազմի 6.6 միլիոն դրամ, որը նախատեսվում է տրամադրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված բյուջետային միջոցներից։

Փոփոխությունը նպատակ ունի մեղմել պատերազմից տուժած ընտանիքների սոցիալական դժվարությունները։

ՀՀ կառավարությունը շարունակում է հետևողական լինել զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանության հարցում։