«Մեր իրական գնահատականներով՝ իշխող կուսակցությունը հավաքել է 38-40%-ի սահմաններում, իսկ մնացած բոլոր ձայները պարզապես նկարվել են, կեղծվել կամ ձեռք են բերվել այլ ապօրինի ճանապարհներով»։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Մեկնաբանելով իշխանությունների հայտարարություններն, ըստ որոնց իրենք ստացել են մեծամասնություն և իրավունք ունեն միանձնյա որոշել երկրի ճակատագիրը՝ Քոչարյանն ընդգծել է, որ ամբողջ անցած ընտրական փուլը եղել է համակարգված խախտումների անդադար շղթա։ Որպես օրինակ նա բերել է ցուցակների ընթացիկ ստուգումները, որտեղ արդեն իսկ արձանագրվել է գրեթե 30 հազար ստորագրության անբացատրելի տարբերություն քվեարկածների թվի և իրական նշումների միջև։ Պատասխանելով ընդդիմությանն ուղղված կշտամբանքներին, թե ինչու այն հենց հիմա մարդկանց դուրս չի բերում հեղափոխության, քաղաքական գործիչը հիշեցրել է, որ 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը նույնպես չէր վիճարկել խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում, սակայն արդեն ինը ամիս անց երկրում իշխանափոխություն տեղի ունեցավ։
«Հայաստանի պատմության մեջ և ոչ մի իշխանություն չի կիրառել բյուջետային ընտրակաշառք նման մասշտաբներով և երբեք շանտաժի չի ենթարկել սեփական ժողովրդին նոր աղետալի պատերազմի սպառնալիքով՝ իր պարտվելու դեպքում՝ հայտարարելով, որ եթե իրեն չընտրեն, ապա արդեն սեպտեմբերին արյունահեղություն կսկսվի», – նշել է Ռոբերտ Քոչարյանը։
Նախկին նախագահի համզոզմամբ՝ նման հսկայական վարչական ռեսուրսի գործադրման, հարյուր հազարավոր թոշակառուներին բյուջետային «կաշառքներ» բաժանելու և եվրոպական առանձին առաջնորդների կողմից բացահայտ աջակցության պայմաններում ցանկացած բացարձակապես անհայտ, բայց հավասարակշռված մարդ շատ ավելի շատ ձայներ կհավաքեր, քան Փաշինյանը։ Քոչարյանն ընդգծել է, որ գործող վարչապետին հասարակության հսկայական մասն այժմ ճանաչում է բացառապես բացասական կողմից՝ որպես հոգեկան անհավասարակշռության և հիստերիայի ակնհայտ նշաններով մարդու։
«Փաշինյանն իր քարոզարշավի 90%-ը կառուցեց մաքուր ատելության հոսքերի և ուղղակի սպառնալիքների՝ «սպանելու, նստեցնելու, պատերին ծեփելու» վրա, ընդհուպ՝ սպանության սպառնալիքներ հնչեցնելով նաև իմ հասցեին, ինչը վկայում է ոչ թե ուժի, այլ քաղաքական հոգեվարքի և նրա մահամերձ վիճակի մասին»,– ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա վրդովմունք է հայտնել, որ Փաշինյանն այդ ագրեսիան ուղղում է դեպի ազգային բարերարներն ու խոշոր գործարարները, ինչպիսիք են Սամվել Կարապետյանը կամ Գագիկ Ծառուկյանը, որոնք տարիների համառ աշխատանքով ստեղծել են իրենց կապիտալը և ներդրել հայրենիքում: Քոչարյանը նշել է, որ նրանց գործունեության դրական արդյունքների խեղաթյուրումը և «լուծարել ու բոմժ սարքել» ոճի կարգախոսները փաստացի ոչնչացնում են բարեգործության ինստիտուտը, քանի որ հարվածի տակ են դնում յուրաքանչյուրին, որը կցանկանա բարեգործությամբ զբաղվել Հայաստանում։





