Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 20-22-ը կայանալիք ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությանը Հայաստանը չի մասնակցի ուժեղագույն կազմով։
Տեղի ունեցածի վերաբերյալ հայտարարություն էին տարածել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը, աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը, Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 աշխարհի փոխչեմպիոն Մանվել Խնձրցյանը, Մ23 աշխարհի փոխչեմպիոն Գևորգ Թադևոսյանը և երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Կնյազ Իբոյանը։ Նշված մարզիկների պնդմամբ իրենց չի ներկայացվել մրցաշարից վերջին պահին դուրս մնալու պատճառը:
Նշենք, որ ծագած սկանդալի վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ-ն, ՀԱՕԿ-ը ինչպես նաև Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան պարզաբանում չեն ներկայացրել:
«Հայաստանը, որպես հյուրընկալող երկիր, առաջնորդվել է ռազմական սպորտի միջազգային կանոնադրության բոլոր կետերի խստիվ պահպանմամբ, որի արդյունքում ընտրվել է այն թիմը, որը ներկայացնելու է ՀՀ զինված ուժերը։ Մրցաշարին այլ մարզիկներ ներգրավելու պարագայում հնարավոր կլինեին բազմաթիվ շահարկումներ»,- լրագորղների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը:
Վերջինիս պնդմամբ՝ ՀՀ զինված ուժերի հավաքական թիմում, որը ներկայացված է այս առաջնությանը, հիմնականում ընդգրկված են մարզական վաշտի ժամկետային զինծառայողները, ովքեր նույնպես բավականին բարձր վարպետություն ունեցող մարզիկներ են։
«Ես ակնկալում եմ բոլորի աջակցությունը մեր բոլոր զինվորներին, որ նրանք կարողանան էլ ավելի լավ հանդես գալ ու մեդալներ ձեռք բերել»,- ասաց ԶՈՒ ԳՇ ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետը։