«Հրապարակ» թերթը գրում է. 2024-ին Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով տարածքներ հանձնվեցին Կիրանցից: Մայիսից կիրանցեցիները համառ պայքար մղեցին, փակեցին Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհը, սակայն՝ ապարդյուն․ Փաշինյանն իր սեւ գործն արեց: Կիրանցեցի Անդրանիկ Նազարյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով չարաբաստիկ 2024-ի իրադարձություններին, ասաց. «2024 թվականը մեզ համար շատ վատ տարի էր, պետք է որ բոլորի համար վատ տարի լիներ, սակայն չգիտեմ…. այն, որ կիրանցեցիների համար շատ վատ տարի էր, այդտեղ չկա երկրորդ կարծիք: Մեր ժողովուրդը դիմացկուն ժողովուրդ է, կարողացավ դիմանալ այդ հարվածին, փառք Աստծո, գյուղը մարդիկ գրեթե չեն լքել, համառորեն պայքարում են, չեն հիասթափվում, չեն ընկճվում: Սահմանային ռեժիմի հարցն է մտահոգում մեզ, արոտավայրերի խնդիր է առաջացել:
Տեղի ունեցածի արդյունքում անասունների գլխաքանակը պակասեց, քանի որ գյուղի տարածքները փոքրացել են: Շատ կուզեի, որ մի հրաշքով մեր կորցրած հողերը վերադարձվեին մեզ, բայց էլ չեմ հավատում…. Մեր ժողովուրդը պետք է իր ես-ը, էգոիզմը դնի մի կողմ, հայրենասիրություն դրսեւորի: Հողը չի կարելի զուտ որպես ինչ-որ նյութական արժեք ընկալել, հողն ամեն ինչ է, տոննաներով արյուն է թափվել հողի վրա, այն անգին է: Մարդիկ կան, որ ասում են` դե, փոխհատուցում են տվել, ի՞նչ եք ուզում, ես այն կարծիքին եմ, որ կորցրած հայրենիքի դիմաց չկա որեւէ փոխհատուցում ու չի կարող լինել: Հայրենիքն անգին է, մեր պապերը մեզնից առաջ պայքար էին տարել: Մեր հասարակությունն անտարբեր է դարձել, մարդիկ իրար նկատմամբ հոգատար չեն: Այս իշխանությունները ռուսների եւ թուրքերի գործակալներն են, որոնցից ոչ մի լավ բան այլեւս չենք սպասում: Ռուսները` թուրքերի հետ ձեռք ձեռքի տված, բաժան-բաժան արեցին մեր երկիրը, մեր հողերը, ամեն ինչ քանդեցին, իսկ այս իշխանությունը ոչինչ չի կարողանում անել: Այս մարդն ամեն ինչ փողոցով է չափում, մտածում է, որ լավ փող տա, մենք կմոռանանք ամեն ինչ, չեմ հասկանում, թե նման մարդը ոնց կարող է պետության ղեկավար լինել»: