«Հրապարակ» թերթը գրում է․ Փետրվարի 5-ին Երեւանի քաղաքապետարանում հերթական սկանդալային ձերբակալությունը տեղի ունեցավ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն միանգամից 7 անձի ձերբակալեց, որից 4-ի նկատմամբ դատարանը խափանման միջոց ընտրեց կալանավորումը։ Կալանավորվեց Երեւանի քաղաքապետարանի երկու պաշտոնյա՝ հասարակական կարգի պահպանության վարչության պետ Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը: Մյուս երկու կալանավորվածները քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներ են՝ Ռոբերտ Դարբինյանը քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությունն է ղեկավարել, իսկ Արամ Այվազյանը նրա տեղակալն է եղել: Նշենք, որ ավելի ուշ մեղադրյալների թիվն ավելացավ՝ հասնելով 12-ի, այդ թվում նաեւ շարքային քաղաքացիներ կային։ «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ օրեր առաջ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը երկարացրել է նշված անձանց կալանքի ժամկետը։ Իսկ Վերաքննիչ քրեական դատարանն անցած ամիս Միքայել Ղիմոյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքի։
Արամ Գյուլզադյանի փաստաբան Հայկ Սարգսյանը մեզ հետ զրույցում հատատեց տեղեկությունը՝ նշելով, որ օրեր առաջ նախաքննական մարմինը դիմել է կալանքի ժամկետը երկարացնելու համար, ինչը դատարանը բավարարել է․ «Նախաքննական մարմինն ասում է՝ դեռ գործողություններ ունենք անելու, որին Գյուլզադյանը ենթադրաբար կարող է խանգարել։ Որոշումը նոր ենք ստացել, միանշանակ՝ կբողոքարկենք»։ Հարցին, թե կալանավորված մյուս անձանց կալանքի ժամկետն է՞լ է երկարացվել, նշեց՝ այո․ «Ղիմոյանը տնային կալանքի տակ է, Այվազյան Արամը, Դարբինյան Ռոբերտը եւ Գյուլզադյանը կալանքի տակ են»։ Չնայած կալանքի ժամկետը երկարացրել են նախաքննական գործողություններ անելու պատճառաբանությամբ, սակայն Գյուլզադյանի հետ որեւէ նախաքննական գործողություն, ըստ փաստաբանի, այս երկու ամսվա ընթացքում չեն արել։ Վերջինս «Վարդաշեն» ՔԿՀ-ում է։
Ըստ մեղադրանքի, Գյուլզադյանն ավելի քան 500 հազար դրամի կաշառք է ստացել՝ ինչ-որ գործարք անելու համար։ Ի դեպ, Գյուլզադյանը, Տիգրան Ավինյանի որոշմամբ, 2020-ին պարգեւատրվել էր Երեւանի 2800-ամյակի հուշամեդալով: Նա նախկին ՀՀԿ-ական է, 2018-ին ճամբարափոխ է եղել եւ ՔՊ-ական դարձել։
Նկատենք, որ տեւական ժամանակ է, ինչ իշխանությունը Տիգրան Ավինյանի շրջապատում «որս» է իրականացնում` բռնում են նրա ընկերներին, մերձավորներին, նրա նշանակած կադրերին: Կոռուպցիայի դեմ պայքարն իշխանությունն ամենից շատ իրականացնում է Երեւանի քաղաքապետարանում, եւ, ոմանց կարծիքով` դրա հիմքում քաղաքական պատճառներ կան, Տիգրան Ավինյանին հնազանդեցնելու կամ նրա ուժեղանալը թույլ չտալու նպատակ։
Նշված ամբաստանյալներից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում, նրանց մեղադրանք է առաջադրվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կաշառքի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում։ Գործով անցնում է նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, որն առաջացրել է առանձնապես խոշոր չափերի վնաս։