«Հրապարակ»-ը գրում է. «Արդեն ավարտվել է բուհերի առկա ուսուցման բակալավրիատի ընդունելությունը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Հայաստանի ազգային ագրարային համալսարանում արձանագրվել է խայտառակ պատկեր: Արդեն 3 տարի է՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ռեկտոր Հրաչյա Զաքոյանն ասում են, թե «փրկում են» Ագրարային համալսարանը՝ գերակա ագրարային մասնագիտությունների համար բարձր կրթաթոշակ սահմանելով: Մինչդեռ անգամ կրթաթոշակը չի օգնում. այս տարի ագրարայինի 14 գերակա մասնագիտությունների գծով դիմել է ընդամենը 68 դիմորդ՝ անցած տարվա 98-ի փոխարեն: Ընդունելության հիմնական փուլում 68 դիմորդից ընդամենը 20-ին է հաջողվել հաղթահարել ընդունելության շեմը և դառնալ ագրարայինի ուսանող: Եվս 9 ուսանող ընդունվել է թափուր տեղերի համար հայտարարված լրացուցիչ մրցույթի արդյունքում: Ի դեպ, այս վիճակն ագրարայինում շարունակվում է՝ սկսած 2021-ից, երբ ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը, որի հիմնած «լավագույն» ավանդույթները շարունակում է ներկայիս ռեկտոր Զաքոյանը»:





