«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը երեկ մատնել է իշխանության՝ Ռուսաստանից ունեցած վախերը: Պատասխանելով հարցին, թե TRIPP-ի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոններն ու տարանցման կարգավորումներն ինչպես է պատկերացնում Երեւանը, Սաֆարյանը պատասխանել է․ «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, եւ ԵԱՏՄ տարանցման կանոնները գործում են մեր տարածքում»:
Այսինքն TRIPP-ը լինելո՞ւ է ԵԱՏՄ կարգավորումներով։ «Այո»,- ասել է նա: Ստացվում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփի անունը կրող նախագիծը մտցվել է պուտինյան ԵԱՏՄ-ի ծրագրերի մեջ մի բան, որի համար շուրջ մեկ տարի պայքարում էր ռուսական կողմը՝ ՀՀ իշխանություններին զգուշացնելով, որ չի կարող TRIPP-ը գործել, քանի որ Հայաստանում տարանցման կանոնները պետք է ենթարկվեն ԵԱՏՄ կանոններին, իսկ մեր իշխանություններն էլ համառորեն անտեսում էին այդ զգուշացումները։ Քաղաքական կուլիսներում երեկ այս հայտարարությունը բուռն քննարկումների առիթ դարձավ, ոմանց կարծիքով, ՌԴ սանկցիաներն այնքան են խեղճացրել մեր իշխանություններին, որ ԱԳՆ պաշտոնյան չի ցանկացել ավելի սրել հայ-ռուսական հարաբերությունները, բայց հայ-ամերիկյան կոնֆլիկտի վտանգ է ստեղծել։
Որ ռուսական կողմի գործողություններն անհանգստացնում են ՀՀ իշխանություններին, պարզ դարձավ եւս մեկ փաստից` պաշտոնական Կրեմլը հաղորդեց, որ հայկական կողմի նախաձեռնությամբ Փաշինյան-Միշուստին հեռախոսազրույց է տեղի ունեցել, քննարկել են «Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր, որոնք վերաբերում են առեւտրատնտեսական, գիտատեխնոլոգիական եւ մշակութային-հումանիտար ոլորտներին»:
Իսկ ՀՀ կառավարության հաղորդագրությունից դուրս էր մնացել այն, որ զրույցը հայկական կողմի նախաձեռնությամբ է եղել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում





