Search
Close this search box.

ՀՀ ղեկավարությունից պահանջում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել ազգային անվտանգության ապահովման և տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ. ՀՃԿ նախագահի ուղերձը

«Համահայկական ճակատ» կուսակցության նախագահի ուղերձը.

Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը խոսքով հայտարարում է եվրոպական արժեքների գերակայության և ժողովրդավարական սկզբունքներին անշեղորեն հետևելու մասին, քայլեր է ձեռնարկում Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ: Հայտարարում է խաղաղության հասնելու ցանկությունը, մարդկանց հանդեպ հոգատարությունը և ինքնագոհությունը: Իրականում մեր երկրում կոպտորեն ոտնահարվում է Սահմանադրությունը, անտեսվում են մարդու հիմնարար իրավունքները, սահմանափակվում է խոսքի ազատությունը, ճնշվում է ցանկացած այլակարծություն, ոչնչացվում է քաղաքական և տնտեսական ինքնիշխանությունը։

Մեկը մյուսի հետևից հանցանք գործելով վարչախումբը հետապնդում է միակ նպատակը անձնական իշխանության պահպանումը: Այս նպատակին հասնելու համար վարչապետն ու իր շրջապատը պատրաստ են վաճառել Հայոց պետականությունը, դավաճանել հայկական խորհրդանիշները, հանձնել բուն հայկական հողերը, անտեսել մեր քրիստոնեական հավատն ու ազգային արժեքները, անտեսել բարեկամ պետությունների և ժողովուրդների հետ պատմականորեն ձևավորված հարաբերությունները: Ի շահ իրենց կուրատորների` նրանք սիստեմատիկորեն ոչնչացնում են հանրապետության տնտեսական հիմքերը։ Սեփական ժողովրդի նկատմամբ հալածանքները դարձել են ժամանակակից հայ հասարակության նորմը: Նրանց գործողությունները մարդկանց մեջ վախ են ներշնչում սեփական ապագայի և իրենց երեխաների ապագայի համար, ծնում են ճակատագրական անտարբերություն և հայրենիքը լքելու ցանկություն: Դա տեղի է ունենում ռազմական էսկալացիայի իրական սպառնալիքի պայմաններում:

Անբարյացակամ պետություններն օրեցօր ավելացնում են ագրեսիվ հռետորաբանությունը և պատրաստակամություն են ցուցաբերում ուժով գրավել հայկական տարածքները, որոնք նրանք ցինիկաբար և անհիմն անվանում են իրենցը:

Մեր երկրի ներկա իշխանությունները պարտվողական դիրքորոշում են որդեգրել, անտեսում են վերահաս վտանգը, պատրաստ են զոհաբերել մեր երկիրն ու ժողովրդին` հանուն սեփական բարեկեցության: Նրանք անվճռականություն և վախկոտություն են դրսևորում, սակայն անամոթաբար հաշվեհարդար են տեսնում նրանց հետ, ովքեր հանուն մեր հայրենիքի պահպանման կանգնում են իրենց ճանապարհին:

«Համահայկական ճակատ» կուսակցությունը Հայաստանի Հանրապետության ղեկավարությունից պահանջում է անհապաղ միջոցներ ձեռնարկել ազգային անվտանգության ապահովման և տարածքային ամբողջականության պաշտպանության ուղղությամբ: Դադարեցնել սեփական ժողովրդի նկատմամբ հալածանքները։ Ազատ արձակել մտացածին պատրվակներով դատապարտված բոլոր քաղբանտարկյալներին և սպաներին: Դադարեցնել ընդդիմության հետապնդումը քաղաքական դրդապատճառներով, այդ թվում` «համահայկական ճակատ» կուսակցության անդամների և նրա առաջնորդ Արշակ Կարապետյանի նկատմամբ: