Այո, մենք այդ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել, վերահաստատել ենք, բայց այս պահի դրությամբ, իրագործված չէ այն ու ոչ մեր մեղքով:Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, որ պետք է արդեն երրորդ անձանց համար Մարգարայի անցակետը, սահմանը բացված լիներ, բայց հապաղում կա, ինչո՞ւմն է խնդիրը:
«Այսինքն, մենք մեր կողմից համախատասխան քայլերն արել եք, Մարգարայի անցակետը վերանորոգել ենք, ամեն ինչ արել ենք և սպասում ենք թուրքական կողմից այդ պայմանավորվածության իրագործմանը:
Ընդհանուր առմամբ, կարգավորման գործընթացը շարունակվում է, հայկական կողմը պատրաստ է հենց վաղն ունենալ բաց սահմաններ, հաստատված դիվանագիտական հարաբերություններ»,- ասաց նա:
Իսկ թե ինչու քայլ չի արվում, Ռուբինյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, մեզ համար հստակ է, որ մենք ձեռք ենք բերել պայմանավորվածություներ և հույս ունենք, որ այդ պայմանավորվածությունները կկատարվեն»։
Հարցին էլ՝ հնարավո՞ր է՝ այդ պայմանավորվածություններն իրականացվեն հայ-ադրբեջանական պայմանագրի հաստատումից հետո, Ռուբինյանն արձագանքեց, որ թուրք դիվանագետի հետ հաստատել են՝ պայմանավորվածություններն առանց նախապայմանների են։
Նա նաև նշեց, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը երկու տարբեր գործընթաց է: «Արդյոք կարող են դրանք փոխազդել միմյանց վրա, կարող են: Ես կարծում եմ՝ Հայաստան-Թուրքիա գործընթացում առաջընթացը մեծապես կնպաստի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին:
Ընդհանրպես մենք խոսում ենք երկրների մասին, որոնք նույն տաշրածաշրջանում են և, բնականաբար, ազդեցություն լինում է, բայց դրանք երկու տարբեր գործընթաց է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը: