Search
Close this search box.

Հայաստանում գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ

Հայաստանում 2025 թվականի հունվարի երկրորդ շաբաթվա տվյալների համաձայն գրանցվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության աճ. առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ հունվարի երկրորդ շաբաթվա ընթացքում դիմել են 7278 բուժառու:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 2,6 անգամ, սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեռևս ցածր է 1,3 անգամ:

«Թոքաբորբով պայմանավորված ցուցանիշը նախորդ շաբաթվա համեմատ բարձր է 3,1 անգամ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` բարձր է 2,1 անգամ: Նշեմ, որ սուր շնչառական վարակներով պայմանավորված դիմելիության 71,1 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները, թոքաբորբով պայմանավորված դիմելիության 66,3 տոկոսը ևս 0-18 տարեկաններն են:

Հունվարի 14-ի դրությամբ առկա տվյալներով սուր շնչառական վարակներով Հայաստանի բուժհաստատություններում հոսպիտալացված է 704 բուժառու, որոնց 90,7 տոկոսը էլի կազմում են 0-18 տարեկան երեխաները»,- ասել է մասնագետը:

Նա նշել է, որ հունվարի 14-ի դրությամբ թոքաբորբով հոսպիտալացվել են 544 բուժառու, որոնց 63 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները: Վերակենդանացման բաժանմունքում սուր շնչառական վարակներով և թոքաբորբով պայմանավորված հոսպիտալացվել են 64 բուժառու, որոնց 73 տոկոսը ևս 0-18 տարեկան երեխաներն են: