Հայ-թուրքական հարաբերություններում լուրջ, շոշափելի արդյունքներ դեռ չկան։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Բալթյան և Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների մասնակցությամբ «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման ժամանակ։
«Ընթանում է ինտենսիվ, արդյունքների վրա հիմնված երկխոսություն, բայց, ցավոք, դեռ չկան լուրջ, շոշափելի արդյունքներ»,– ասել է նա։
Միրզոյանը հայտնել է, որ Հայաստանն ու Թուրքիան ունեն ընդհանուր գաղափարներ, դրանցից մեկն այն է, որ բաց սահմաններն ու համագործակցությունը կարող են օգուտ բերել Հայաստանին, Թուրքիային և տարածաշրջանի մյուս երկրներին։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականին պայմանավորվածություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների կողմից սահմանը հատելու հնարավորության և բեռների ուղիղ ավիափոխադրումներ սկսելու մասին, սակայն հարցը դեռևս չի լուծվել։