Search
Close this search box.

Հանրային տրանսպորտում սահմանափակումներ են պետք. Ավինյանը` նոր տոմսային համակարգի մասին

Please enter a valid URL

Երևանի հանրային տրանսպորտում վճարումներ կատարելու գործընթացում անհրաժեշտ է սահմանափակումներ մտցնել։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևան ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը հաշվետվությունը ներկայացնելիս ասաց, որ միասնական տոմսային համակարգից օգտվել են 1.888.314 ուղևորից 44 341–ը։ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ–ի քաղաքային տրանսպորտից օգտվել է 100 509 ուղևոր, որոնցից 1721-ն է էլեկտրոնային տարբերակով վճարում կատարել։ Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն էլ հայտնեց, որ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 560 715 ուղևոր` նախատեսված 544 133-ի դիմաց։ «Tellcel»l վճարային համակարգից օգտվել է 118.250 ուղևոր, որը կազմում է ընդհանուր թվի 21%-ը։

«Մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ տոմսային համակարգին անցում կատարելու համար որոշակի սահմանափակումներ պետք է մտցվեն նաև ավտոբուսներում և տրոլեյբուսներում։ 1% կամ դրանից ցածր թվերը մեզ բացարձակապես չեն գոհացնում, եթե հունվարի 1-ից ամբողջությամբ անցում ենք կատարում նոր համակարգի, իսկ այսօրվա թվերով դա շատ վտանգավոր է։ Խնդրում եմ հունվարի 1-ին արդեն պատրաստ լինել»,– նշեց Ավինյանը։

Նա հանձնարարական տվեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին, «Երևան ավտոբուս», «Երևանտրանս» և «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ–ների տնօրեններին, որպեսզի միասին քննարկեն և հասկանան, թե ինչ քայլեր է պետք ձեռնարկել անհրաժեշտ արդյունքի հասնելու համար։

Հիշեցնենք` Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը երկու անգամ հետաձգվել է։
Նշենք, որ նախագիծը ուժի մեջ պետք է մտներ 2024 թվականի սեպտեմբերից։ Սակայն հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ այն մեկ կամ երկու ամսով կերկարաձգվի։ Նախատեսվում էր միասնական տոմսային համակարգի ներդրումը սեպտեմբերի 1–ից տեղափոխել նոյեմբերի 1։ Ավելի ուշ քաղաքապետարանը հայտարարեց, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղափոխում է 2025 թվականի հունվար։