Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից տարվող թշնամական ու սպառնալիքներով լի հակահայ քաղաքականությունը և այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բովանդակության շուրջ բանակցվող փաստաթուղթը ադրբեջանական բոլոր պահանջների վավերացում է, ինչպես և ուժի սպառնալիքի ներքո Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու հերթական զիջումները որևէ առնչություն չունեն իրական և կայուն խաղաղության հաստատման հետ, քանի որ այն՝
1․ չի հստակեցնում Հայաստան- Ադրբեջան սահմանագիծը,
2․ չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրս բերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից, 3․ չի կանխում Ադրբեջանի կողմից հետագա սպասվելիք ագրեսիան,
4․ չի անդրադառնում արցախահայության խնդրին` ըստ էության փակելով Արցախի հարցը,
5․ չի լուծում հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը
«Համահայկական ազգային միասնության խորհուրդ» միավորումը խստորեն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում Հայաստանին և հայ ժողովրդին պարտադրվող նոր զիջումները և հայտարարում, որ չի ընդունում գործող ապազգային իշխանության կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ, որը խարխլում է մեր պետականությունը և հակասում մեր պետական ու ազգային շահերին։