Այսօր՝ փետրվարի 21-ին, Շիրակի մարզում հերթական անգամ բռնութուն է կիրառվել Հիպոկրատի երդմանը հավատարիմ, իր մասնագիտական աշխատանքը կատարող, առողջ համակարգի աշխատակցի նկատմամբ:
Ժամը 04:30-ից 05:00-ի սահմաններում Ազատան գյուղից կանչ է ստացվում Գյումրի քաղաքի շտապօգնություն և նշված կանչի վայր է մեկնում Գյումրու շտապօգնության կայանի բուժբրիգադը՝ բուժակ Մհեր Քոլոյանի գլխավորությամբ:
Հասնելով բուժառուի տուն, բուժակը փորձում է զննել պացիենտին, երբ վերջինը հարձակվում է բուժակի վրա, կիրառում է բռնություն, անգամ օգտագործելով մոխրաման՝ հարվածելով բուժակի մարմնի տարբեր մասերին և դեմքին:
Բուժակը տեղափոխվում է հիվանդանոց:
Դեպքի մասին տեղեկանում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության Ախուրյանի բաժնի ծառայողները, սակայն բաժնում մինչև այս պահը ոչինչ չեն ձեռնարկել ու հիմա ընկած՝ փորձում են Գյումրու բուժանձնակազմին համոզել, որպեսզի դեպքի մասին չբարձրաձայնվի, քանի որ բուժակի նկատմամբ ոտնձգություն կատարողը Ախուրյանի նախկին ոստիկանապետերից մեկի ազգականն է:
Բուժակը թե՛ Գյումրիում, թե՛ իր գործընկերների ու իրեն ճանաչողների մոտ հարգված անձնավորություն է, 44-օրյա պատերազմի ակտիվ մասնակից, ու անգամ պատերազմի օրերին վիրավորում է ստացել և երբեք ոչ մի բացասական կարծիք նրա աշխատանքային գործունեության վերաբերյալ բուժանձնակազմը չի ստացել: