Ֆրանսիան պաշտոնապես Չադի զինված ուժերին է հանձնել Նջամենայում գտնվող իր վերջին ռազմաբազան՝ ավարտելով երկրից իր զորախմբի դուրսբերման գործընթացը, հայտնում է Tchadinfos պորտալը։
2024 թվականի նոյեմբերի 29-ին Չադը հայտարարել էր Ֆրանսիայի հետ պաշտպանական համաձայնագրի դադարեցման մասին և դեկտեմբերի 20-ին պահանջել դուրս բերել երկրից բոլոր զորքերը մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։
Չադի, ինչպես և Արևմտյան Աֆրիկայում նախկին ֆրանսիական մյուս գաղութների իշխանությունները, դժգոհ էին, որ Փարիզը ոչ այնքան օգնում էր անվտանգության ապահովմանը, որքան փորձում էր պահպանել իր դիրքերը տարածաշրջանում:
Չադի վարչապետ Ալամայե Հալինաի խոսքով՝ Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու Նջամենայի որոշումը «խիզախ և հայրենասիրական էր, ժողովրդի կողմից երկար սպասված»: