Flydubai ավիաընկերության Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել (ծածկագիր 7700)։ Որոշ ժամանակ անց ինքնաթռին ուղարկել է «7500» ծածկագիրը, որը նշանակում է ինքնաթիռի առևանգում կամ ապօրինի միջամտություն, հաղորդում է The Times of Israel-ը։
Անվտանգության ոլորտի աղբյուրների փոխանցմամբ՝ դեպի ինքնաթիռ են ուղարկվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներ։
Տեղեկություններ են հաղորդվում, որ Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն արտակարգ խորհրդակցություններ են անցկացնում։
CNN-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը ստիպված է եղել ուղղություն վերցնել դեպի Սաուդյան Արաբիա և շուտով վայրէջք կկատարի այնտեղ։
Իսրայելցի պաշտոնյան, որի անունը չի նշվում, ասել է, որ միջադեպը չի եղել առևանգում՝ հավելելով, որ իրենց ընկալմամբ՝ դա եղել է անձնակազմի ներքին միջադեպ։
Հաղորդվում է, որ օդանավում կա մոտ 180 ուղևոր։





