Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ԱՄՆ-ում դեսպանատան կողմից շուրջ 280 000 դրամ արժողությամբ ալկոհոլային խմիչք են նվիրել։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշենք, որ բոլոր պաշտոնյաները իրենց ստացած նվերների մասով հայտարարագիր են ներկայացնում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Դա արվում է «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձևաթղթի» համաձայն։
«Հայտարարագրից պարզ է դառնում, որ դեկտեմբերի 10-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան կողմից նա ստացել է 279 հազար դրամ արժողությամբ ալկոհոլային խմիչք՝ վիսկի»,- գրում է թերթը։
Ըստ պարբերականի՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանն էլ դեկտեմբերի 11-ին Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների Գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին պաշտոնական նիստի շրջանակներում Ուզբեկստանի գերագույն դատարանից ստացել է 157 հազար 740 դրամ արժողությամբ փայտյա նկարազարդ պատկեր։
Թադևոսյանը միջոցառման ընթացքում նվեր է ստացել նաև Բելառուսի Հանրապետության գերագույն դատարանից՝ 61 հազար 620 դրամ արժողությամբ փայտյա նկարազարդ ափսե։
Տաջիկստանի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ էլ Տաջիկստանի Հանրապետության գերագույն դատարանից ստացել է 138 հազար 022 դրամ արժողությամբ գեղանկար։
Հիշեցնենք, որ 2022 թվականին որոշում է կայացվել՝ հանրային ծառայողներին, համայնքային ու պետական պաշտոնյաներին արգելել 60 000 դրամից թանկ նվերներ ստանալ։ Օրենքով սահմանված է արգելված նվերների ցանկը։
Ի դեպ, սահմանափակումները վերաբերում են նաև պաշտոնյաների հետ փոխկապակցված անձանց՝ կնոջը, ամուսնուն, զավակներին, ծնողներին, քույր-եղբորը։
Նվերի հետագա ճակատագիրը որոշում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, բայց անկախ դրանից, նման նվերներն օրենքով համարվում են պետական կամ համայնքային սեփականություն։
Օրենքն իրավական ուժ է ստացել 2023 թվականից։