Մոսկվան աջակցում է Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկխոսությանը և միշտ պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել կարգավորման բոլոր ուղիներով։ Սակայն ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջամտությունը տարածաշրջանի գործերին ոչ մի լավ բանի չեն հանգեցնի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք պատրաստ ենք աջակցել հավասարակշռված խաղաղության պայմանագրի մշակմանը, տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնմանը, սահմանագծմանը և սահմանազատմանը, քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացմանը՝ կայուն խաղաղության և բարեկեցության հասնելու նպատակով», — ասել է Զախարովան:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Բաքվի և Երևանի հաշտեցման և կայուն, ամուր, խաղաղության իրական ճանապարհային քարտեզն արտացոլված է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարությունների համալիրում:
Անդրադառնալով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակին` Զախարովան այն անվանել է Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների միջև երկխոսության կառուցման հեռանկարային մեխանիզմ: Նա նշել է, որ ձևաչափը որևէ կապ չունի Արևմուտքի հետ, որն ունի իր խնդիրները, նպատակները:
Իսկ ինչ վերաբերում է Հարավային Կովկասի գծով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությանը` Զախարովան նշել է, որ այն դեռևս դժվար է կանխատեսել: