Ադրբեջանը ՀՀ օկուպացված տարածքներում կարող է 10 տարի էլ, 20 տարի էլ մնալ, 7 իշխանություն փոխվի, 7 Բագրատ, դեռ կմնան, այս մասին Արմլուրին ասել է ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Այդ որ ասում են՝ հողեր են հանձնվում և այլն, ամբողջ ժողովուրդը գիտի, որ դրանք սին խոսքեր են, որևէ տեղ հող չի հանձնվել, ռազմական գործողությունների արդյունքում այսօր մենք ունենք սուվերեն տարածքից հատվածներ, որոնք օկուպացրել են ադրբեջանական զինված ուժերը »,- ասել է նա:
Դիտարկմանը՝ դեռ շարունակում են մնալ մինչև հիմա էլ, նա արձագանքեց. «Այո, և դեռ մի տաս տարի էլ կմնան, 20 տարի էլ կարող է մնան և 20 տարում կարող է 7 իշխանություն փոխվի, 7 հատ Բագրատ գա իշխանության և դա դեռ մնա»:
Ճշտող հարցին էլ՝ երաշխիք չկա՞, որ Ադրբեջանը հետ կքաշվի, նա ասաց, թե երաշխիք կա, ժամկետ չի կարող ասել:
«Անպայման հետ է քաշվելու, բայց ժամկետ չեմ կարող ասել: Հետևաբար, եթե գտնում ես, որ այսօրվա իշխանությունը ճիշտ չի իրականացնում քաղաքականությունն արտաքին և ներքին ֆրոնտներում, իհարկե, որպես քաղաքացի դու իրավունք ունես կազմակերպվել և հասարակությանը հասցնել այն աստիճանի, որ պատրաստ լինի իշխանափոխության: Երկու տարբերակ կա, մեկը 2026 թվականը, մեկն էլ եթե վաղը չէ մյուս օրը 100 հազար քաղաքացի հայտնի իր անհամաձայնությունն իշխանության հանդեպ»,- ասաց նա: