ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 14 անձինք՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից՝ անդրադառնալով նրան, որ այսօր առավոտից «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակներից և տներից 14 անձ է բերման ենթարկվել։
«Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,–ասացին կոմիտեից։
Հիշեցնենք, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների տներում, ապա բերման են ենթարկել նրանց։ Տևական ժամանակ փաստաբանները տեղեկացված չէին, թե որտեղ են իրենց վստահորդները, նրանց թույլ չեն տվել մուտք գործել ՀԿԿ և միայն հետևողական ահազանգերից հետո փաստաբանները հնարավորություն ունեցան մուտք գործել ՀԿԿ։ Փաստաբան Յուրա Իվանյանը մեզ հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ իրենց վստահորդներին առանց պաշտպանների մասնակցության են հարցաքննում։ Ի դեպ, մեղադրյալներից մեկը կուսակցության Արտաշատի գրասենյակի ղեկավարն է, ով ունի հինգ որդեգրված երեխա։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ նա մեղադրանքը չի ընդունում։





